Այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՌԴ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Սլոանը, որն իր տիկնոջ, մի շարք հրապարակախոսների ու դիվանագետների հետ ժամանել էր Գյումրի` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկին: «Մենք հետևում ենք և հետևելու ենք հայաստանյան խորհրդարանական ընտրություններին և հուսով ենք, որ կլինեն ստանդարտ` միջազգային նորմերին համապատասխան: Ես գիտեմ, որ հիմա Հայաստանում քաղաքական իրավիճակը շատ հետաքրքիր է, որովհետև մայիսի խորհրդարանական ընտրություններին կհաջորդեն նախագահականը, մենք կհետևենք ինչպես հայկական, այնպես էլ ռուսական ընտրություններին»,-ասաց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին էլ , թե ի՞նչ բնութագիր կտա դեսպանը վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, Ջոն Սլոանը խիստ դիվանագիտական պատասխան հնչեցրեց. «Իմ կարծիքով, Ռուսաստանի ժողովուրդը հավատացած է, որ իսկապես Պուտինը 50-ից ավելի ձայներ է հավաքել»:
Aravot.am-ը դիվանագետից նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հայաստանում մինչ օրս չի բացվում Կանադայի դեսպանատուն: Ըստ Ջոն Սլոանի, դա անհնարին է` տարբեր պատճառներով: «Երբ ես գալիս եմ Հայաստան, այս հարցն ամեն անգամ բարձրացվում է նախագահի կողմից, և ես գիտեմ, որ շատ հայեր ու կանադացիներ կցանկանային ունենալ Հայաստանում Կանադայի դեսպանություն, բայց ներկա պահին տարբեր պատճառներով անհնար է դա իրագործելը»,- տեղեկացրեց դեսպանը` առանց մանրամասնելու պատճառները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ