Թե ովքեր են նեղացել «Ժառանգության» ցուցակից, ովքեր են որոշել դուրս գալ` հակասական կարծիքներ կան: Այսօր կուսակցության վարչության արդեն նախկին քարտուղար Կարինե Հակոբյանը հրավիրած ասուլիսում շարունակում էր պնդել, որ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը վարչության նիստին հայտարարել է, որ դուրս է գալիս թե’ համամասնական, թե’ մեծամասնական ընտրապայքարից. «Նա չնշեց, որ ցուցակների համար է, բայց բոլորի համար, կարծում եմ, հայտնի է պատճառը: Այժմ Լարիսա Ալավերդյանը համաձայնել է շատ սիմվոլիկ 41-րդ տեղում լինել, «Ժառանգությանը» հոգեբանական աջակցության համար: 41-րդ տեղում լինելը դարձյալ նշանակում է ընտրապայքարից դուրս գալ»:
Չնայած Լարիսա Ալավերդյանը հերքել է, որ ինքը նման հայտարարություն է արել, բայց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանն Aravot.am-ի հետ զրույցում նույնպես հաստատեց, որ տիկին Ալավերդյանը նման բան հայտարարել է. «Քննարկումների ժամանակ շատ տարբեր կարծիքներ են հնչել, նաեւ դա: Բայց դա քննարկում է եղել, բոլորս շատ բաներ ենք ասել, բայց կարեւորը վերջնական որոշումն է, թե մեր մեջ ինչ քննարկում է եղել, դրա մասին սիրուն չի խոսել»:
Կարինե Հակոբյանը վստահեցնում էր, որ ցուցակը միայն իր համար անակնկալ չէր, շատերն են զարմացել ու դժգոհել, բայց քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանն է նրանց հայտնի դարձրել` հրապարակավ չեն անում դա: Անահիտ Բախշյանը խոստովանեց, որ ցուցակի կազմելուն ինքը չի մասնակցել եւ այն անակնկալ է եղել իր համար, բայց դա Րաֆֆի Հովհաննիսյանի միանձյա ցուցակը չէր. «Նա ասաց, որ ձեռքս չեմ խփելու սեղանին եւ ասեմ այսպես է լինելու: 3 ժամ քննարկել ենք, 27 ձայնից 23-ը կողմ է եղել, 4-ը` ձեռնպահ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին` 14-րդ տեղը ձեզ չի՞ նեղացրել, տիկին Բախշյանը վստահեցրեց, որ ոչ. «Ես սկսել եմ մտածել, թե ինչ է ուզում ասել սրանով Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես հասկացել եմ, որ ինչ-որ մի բան Րաֆֆին գիտի եւ ճիշտ է արել: Իմ եւ Արմենի համար պատիվ է լինել 14-րդ եւ 16-րդ տեղում: Րաֆֆին 5 տարի առաջ մեզ հնարավորություն է տվել, մենք փորձ, հմտություն, գիտելիքներ ենք ձեռք բերել: Մենք 2007-ին, երբ եկել ենք, որեւէ մեկս մի լումա չենք ներդրել, նա մեծ գումարներ ծախսեց, վստահեց մեզ, փող դրեց, որ ես կայանամ` որպես քաղաքական գործիչ, Զարուհին, Ստյոպան, Արմենը կայանան: Մենք երախտագետ ենք, հասկանում ենք: Րաֆֆիի կողքին չես կարող թեկուզ էն ծնված միտքը` բա ես էս էի, բա ես այսքան բան արեցի, եթե անգամ մեջդ ծագում է, ուզում ես խեղդել այդ միտքը, որովհետեւ ամոթ է` այդպիսի առաջնորդի կողքին մտածել նման բան, առավել եւս` բարձրաձայնել` ոչ ես կանեմ, ոչ էլ թույլ տվողին կհարգեմ: Բացի այդ, 14-րդ, 16-րդ տեղերը անցողիկ են, 41-րդ տեղում գտնվելով՝ Ալավերդյանով է փակագիծը դրվելու, կարծում եմ: Ես դրան հավատում եմ, որովհետեւ նայում եմ մեր ցուցակի 10-րդ համարին եւ ՀՀԿ-ի 10-րդ համարին, որտեղ Գագիկ Բեգլարյանն է` «հայտնի» հեղինակությամբ, իսկ մեր 10-րդ համարում հաշմանդամ Արման Մուշեղյանն է` սայլակով, վերին աստիճանի ներկայանալի մի տղա, ով իր ներկայությամբ ցուցակում ասելու է հասարակությանը, թե ինչ տարբեր երկու կուսակցություններ են երկուսը»:
Տիկին Բախշյանը Արաքս Պողոսյանի հետ կապված էլ դժգոհություն չուներ, չնայած նրան շատերը կաթողիկոսապաշտ են որակում: Նրա մեկնաբանությամբ` «Արաքսը մի տեսակ է, մի կերպար է, որի ներկայությունն ԱԺ-ում նոր երանգ կտա մեր թիմին: 2007-ին ես երբ իմացա, որ 4-րդն եմ, Րաֆֆին մեզ կայացրեց, մենք կայացանք, հիմա գալիս ենք հետ ու մեր առջեւում կան մարդիկ, որոնք նույնպես պիտի կայանան, ու պիտի շատանանք»:
Մեր հարցին, որ Դուք, Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը «Ժառանգության» դեմքն եք, չե՞ք կարծում, որ «Ժառանգությունը» ձայները կկորցնի նոր ցուցակով` Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Եթե ընտրողներն ուզում են մեզ նորից տեսնել խորհրդարանում, դա ասում է, որ թե ընտրողները պետք է իրենց ջանքերը բազմապատկեն, թե մենք, որ ոչ թե 6 հոգով լինենք, այլ` 20 հոգով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ