Կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպությունը ՈՒԵՖԱ-ին եւ անձամբ այդ ֆուտբոլային կազմակերպության նախագահ Միշել Պլատինիին մեղադրում են Եվրոպայի առաջնության անցկացման պատճառով Ուկրաինայում թափառող շների եւ կատուների զանգվածային ոչնչացման մեջ:
Կենդանիների պաշտպանների համոզմամբ՝ ՈՒԵՖԱ-ն եւ անձամբ նախագահը Կիեւի վրա ճնշում են գործադրում, որպեսզի մինչեւ ֆուտբոլային փառատոնի մեկնարկը քաղաքների փողոցները «մաքրված» լինեն: Նրանց տվյալներով, միայն 2011 թվականին միջնադարյան դաժան մեթոդներով (պարզագույն վառարաններում այրելով, դանդաղ ու տանջալի մահ բերող դեղերով եւ այլն) ոչնչացվել է 20 հազար թափառող շուն ու կատու: Իսկ ամենասարսափելին այն է, որ հաճախ, մասնավորապես՝ Դոնեցկում, կենդանիներին թմրանյութեր են տալիս եւ հետո դեռ կենդանի գցելով հատուկ փորված փոսերի մեջ` «ծածկում» են ցեմենտով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ