Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» վարչությունն ու խորհուրդը որոշումն ընդունել են մեծամասնությամբ

Մարտ 19,2012 15:03

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր հրավիրած իր ասուլիսում հայտարարեց, թե մինչեւ վերջին պահը կուսակցության վարչության անդամները ծանոթ չեն եղել նախընտրական եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ համատեղ ձեւավորված համամասնական ցուցակին, որ որոշումը կայացրել են Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր մի քանի խորհրդականները: Կարինե Հակոբյանն ասել է նաեւ, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իր էությամբ առաջնորդ է եւ նրա խոսքը թե ցուցակի, թե դաշինքի կազմման հարցում եղել է վերջնական:

Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն արձագանքելով իր արդեն նախկին կուսակից Կարինե Հակոբյանի հայտարարություններին ասաց, թե կուսակցությունում դեռ 2007-ից սկսած գոյություն ունի ընթացակարգ, որով քննարկվում եւ որոշում է կայացվում այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսին է նախընտրական ցուցակի կազմումը. «Կա աշխատանքային խումբ, որն աշխատում է ցուցակի ձեւավորման վրա: Հետո այդ ցուցակի նախագիծը ներկայացվում է կուսակցության վարչությանը, այն ներկայացնում է, բնականաբար վարչության նախագահը, այդ ցուցակը քննարկվում է, անհրաժեշտության դեպքում կատարվում են փոփոխություններ, ապա փոփոխված տարբերակը ներկայացվում է կուսակցության խորհրդին: Վերջինս էլ հաշվի առնելով առաջարկվող փոփոխությունները կամ մեծամասնության կարծիքը, քննարկում է ցուցակի վերջնական տարբերակը եւ հաստատում կամ մերժում է այն: Այս ընթացակարգը, ինչպես 2007-ին, այս անգամ էլ ծայրից-ծայր պահպանվել է, եւ վարչության քննարկմանն է ներկայացվել, ցուցակում կատարվել են էական փոփոխություններ, որից հետո՝ երկու օր անց, մինչեւ խորհրդի նիստը վարչությունն էլի քննարկել է արդեն փոփոխված տարբերակն ու ներկայացրել խորհրդին, որն էլ երեկ հաստատել է այդ՝ թե մեծամասնական, թե համամասնական ցուցակը: Ինձ համար անհասկանալի է, թե ինչն էր այստեղ տիկին Հակոբյանի համար անհասկանալի կամ որ պահն էր անակնկալ: Միգուցե, ինքն ուզում էր աշխատանքային խմբում ներգրավված լինել, բայց նման պարտադիր պայման ոչ կուսակցության կանոնադրության մեջ կա, ոչ է նրան աշխատանքային խմբում ընդգրկելու որոշում է եղել, եւ նա էլ դրա դեմ չի առարկել»:

Հովսեփ Խուրշուդյանին հարցրինք՝ արդյոք կուսակցության վարչության կամ խորհրդի կողմից նախընտրական ցուցակի հետ կապված տարակարծություններ ու անհամաձայնություններ եղե՞լ են: «Իհարկե, ցուցակի առաջին քննարկման ժամանակ որոշակի տարաձայնություններ եղել են, բայց դրանք լուծվել են աշխատանքային քննարկման կարգով, եւ արդյունքում ցուցակը վերանայվել է, բերվել է նոր տեսքի, նոր ձեւաչափով նախագիծ, որին արդեն եւ վարչությունը, եւ խորհուրդն իր բացարձակ մեծամասնությամբ համաձայնել ու հաստատել է»: Խուրշուդյանն ասաց նաեւ, թե կուսակցությունն իր նախընտրական ցուցակը վերանայելու անհրաժեշտություն կամ պատճառ չի տեսնում:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031