Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգության» վարչության անդամ Կարինե Հակոբյանը հայտարարեց ընտրապայքարից եւ կուսակցությունից դուրս գալու մասին: Նրա մեկնաբանությամբ` եթե միայն անձնական խնդիրներ լիներ, դա կաներ սուսուփուս եւ ոչ հրապարակային, բայց ինքը վիրավորված է անարդար եւ անտրամաբանական ցուցակից. «Արժեքավոր եւ անարժեք փորձում են հաստատել, որ նույնն է թաց ու չոր, դա շատ վտանգավոր է, նպաստում է արտագաղթին: Մարդիկ հեռանում են առաջին հերթին անարդարությունից: Ես 2 տարի եղել եմ այդ կուսակցության մեջ եւ 2 տարի, պետք է խոստովանեմ, որ ռազմավարական եւ մարտավարական հարցերում ունեցել եմ տարաձայնություններ: Երեկվա իմ որոշումն արդեն այն բարակած թելն էր, որ կտրվեց: Ցուցակում ամեն ինչ պետք է հիմնավորված լինի: Ես կողմնակից եմ, որ երիտասարդներ լինեն, բայց նրանք պետք է լինեն իրենց քաղաքացիական դիրքորոշման, ընդդիմադիր կեցվածքով հասարակությանը հայտնի մարդիկ: Թող Մաշտոցի պուրակից 1-2 հոգի լինեին, ո՞վ կդժգոհեր»: Լրագրողները ճշտեցին, ո՞ւմ նկատի ունեք, Թեւան Պողոսյանի՞ն, նա պատասխանեց. «Ոչ, Թեւանը հայտնի է, այնտեղ կար, անգամ անունները չեմ հիշում` Արաքս Պողոսյան: ԱԺ-ն փորձադաշտ չէ, որ այնտեղ ուղարկվեն մարդիկ, հետո պարզվի` նրանք ազնի՞վ են, հայրենասե՞ր են, թե՞ ոչ: Պատասխանատվության խնդիր կա` ում համար ես դու ճանապարհ բաց անում»:
Տիկին Հակոբյանը պատմում էր, որ իր եւ «Ժառանգության» մոտեցումները շատ հարցերում են տարբերվել, բայց ցուցակը վերջին կաթիլն է եղել, որը լցրել է համբերության բաժակը. «Օրինակ, ես գտել եմ, որ օտարալեզու դպրոցների դեմ պայքարը չպետք է սկսեր եւ ավարտվեր 1 նամակով: Ես մի քիչ ավելի սկզբունքային եմ մոտենում հարցերին եւ այդ քայլը դրա դրսեւորումն էր»:
Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է ձեզ այլ կուսակցության կազմում տեսնենք` տիկին Հակոբյանը վստահեցրեց, որ հիմա ոչ. «Եթե նոր ուժ ձեւավորվի մեր առողջ ուժերից, գուցե»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե մտահոգություն չունի՞, որ իրեն որակեն որպես «մանդատի կռիվ տվող», նա պատասխանեց. «Ես ինքս գիտեմ, թե ինչու եմ ես դուրս եկել, կարեւորը ինքնագնահատականն է, թե ինչու եմ ե’ս մտածում իմ մասին»:
Հարցին` եթե ցուցակում անցողիկ տեղում ձեր անունը լիներ, ո՞նց էիք նման տարաձայնություններով պատկերացնում այդ թիմի հետ ԱԺ գնալը` տիկին Հակոբյանը պատասխանեց. «Այսօր ես չեմ պատկերացնում»:
Կարդացեք նաև
Կարինե Հակոբյանը կողմ է եղել «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքին, բայց ըստ նրա, ցուցակը անակնկալ էր շատերի համար. «Չեմ ուզում անձնավորել: կուսակցության քարտուղարը կուսակցության 3-րդ դեմքն է, դա պաշտոն չի, նա պատասխանատվություն է կրում, դա պետք է երեւար նաեւ ցուցակում, երբ քեզ հեռացնում են, դա նշանակում է քեզ հեռացնում են կուսակցությունից, այսինքն դա իմ որոշումը չէ, դա փոխադարձ է: Երբ սկզբում քննարկվում էին ցուցակները, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ամեն ինչ կարող է գլխիվայր շրջվել: Ես չեմ ընդունում այդ ամենը, ես սիրում եմ սկզբունքայնություն եւ հստակություն, որ հիմնավորվի` ինչու: Ցուցակը կազմվել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր մի քանի խորհրդատուների հետ, բնականաբար փոխնախագահը, մամլո խոսնակը»:
Կարինե Հակոբյանը կարծում է, որ ցուցակի բովանդակությունը նվազեցրեց «Ժառանգության» ձայները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ