Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խումբ:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են Լիբերիայի քաղաքացիներ 38-ամյա Ջորջ Տոկոնջա Զաոզաոն, 36-ամյա Մարկ Կպարդեհ Դոսեն, 34-ամյա Ֆոստեր Զաքրագեյը, Կոտ Դի Վուարի քաղաքացի 23-ամյա Մամադա Սանգարը և Նիգերի քաղաքացի 47-ամյա Նուգավոր Մայքլ Դոմբիրին:
Օտարերկրացիներից մեկն էլ նկարահանվել է հայաստանյան հեռուստասերիալներում:
Նշված անձնիք ոստիկանություն են բերման ենթարկվել Արմավիրի մարզի Թաիրով գյուղից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ իր տեղեկությունների՝ օտարերկրացիները բերման են ենթարկվել առանձնապես խոշոր չափերի հասնող խարդախություն կատարելու համար: Նրանց բնակության վայրում ոստիկանները հայտնաբերել և առգրավվել են չհրկիզվող պահարան, 1500 ԱՄՆ դոլլար և սև գույնի հատուկ քիմիկատ:
Մասնավորապես նրանք իրենց հերթական զոհին հրապուրելու նպատակով հայտնում են, որ իրենք հայտնագործել են հատուկ սև գույնի նյութ, որը օգտագործելով՝ կարելի է ստանալ 100 տոկոսանոց ԱՄՆ դոլարներ, և որպեսզի իրենց ցանցն ընկած միամիտ քաղաքացին համոզվի նախապես իրական դոլարի թղթադրամի վրա քսում են իրենց մոտ եղած սև նյութը և միամիտներին համոզում, որ տեսեք՝ սովորական սև թղթից կարելի է ստանալ իրական դոլլար, անգամ առաջարկել են տանել ցանկացած բանկ և ստուգել:
Այնուհետև զոհերին առաջարկել են իրենց տալ 1000 դոլար արտադրական ծախսերի համար, ինչից հետո խոստացել են նրանց վերադարձնել կրկնակին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, աֆրիկյան պետությունների քաղաքացիներից կազմված հանցախումբը նման եղանակով կարողացել է կորզել ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլլար:
Կան լուրջ կասկածներ, որ խարդախների զոհերի շրջանակը կարող է ավելի ընդլայնվել:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ