Այսօր տեղի ունեցավ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Խաչիկ Հարությունյանը: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի առարկությամբ Ազգային ժողով վերադարձված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա գործունեության տեսակների համար չհիմնավորված սահմանաչափեր, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով բնապահպանական պետական փորձաքննության նախնական փուլում նախատեսվող գործունեության առանձին տեսակների համար փորձաքննական եզրակացություն տալու համար սահմանվել է չհիմնավորված բարձր պետական տուրք:
Նշվեց, որ օրենքները համահունչ չեն Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ու փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված քաղաքականությանը: Միաժամանակ, օրենքները չեն լուծում բնապահպանական, հասարակական եւ այլ կազմակերպություններին ու անհատներին հուզող խնդիրները:
Հանձնաժողովը որոշեց հավանություն տալ ՀՀ Նախագահի առարկություններին: