Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Սահմանագոտում «ֆլեշկայով» ամերիկյան ընկերության համար ծրագրեր է ստեղծում

Մարտ 19,2012 11:40

Սահմանամերձ Կողբ գյուղում Տիգրան Ազատյանը ստեղծում է համակարգչային ծրագրեր: 22-ամյա չամուսնացած երիտասարդն ընտանիքի հիմնական աշխատողն է: Մոր աշխատատեղը կրճատվել է, հոր գործն էլ սեզոնային է՝ տարվա մեջ 5 ամիս է աշխատում: Ազատյանների պապական առանձնատունը ամուր է,սակայն թույլ է լուսավորվում: Սենյակում, ուր Տիգրանի  «նոութ-բուքն է», ցերեկն էլեկտրական լամպը միացված է: Կողբում թվային կապ չկա, ստիպված օգտվում է ինտերնետ մոդեմից`  «ֆլեշկայից:»: Կապի վատ որակը ծրագրավորողին շատ է խանգարում: Տիգրանը պատմում է, թե ինչպես է դարձել բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ.

– 2007-ին կես տարի Երեւանում, տնտեսագիտական պետական բուհում սովորելով` թողեցի ուսումս, եւ 150 դոլարով մի համակարգիչ գնեցի: Այն ժամանակ չգիտեի, թե համակարգչով ինչ եմ անելու: Շատ հին էր, առաջին օրը փչացավ: Գրեթե ամեն օր խափանվում էր, ես էլ նորոգում էի: Աստիճանաբար այն հզորացրի, հետո 70 հազար դրամով վաճառեցի: Այստեղ ամերիկյան Խաղաղության կորպուսի կամավոր կար, ով Կողբի գեղարվեստի դպրոցի ինտերնետային կայք ստեղծեց: Նա ինձ առաջարկեց կայքի համակարգողի գործը, եւ ես այդ գործում կամաց-կամաց հմտացա:

Տիգրանը 2009թ.-ին ստեղծեց Կողբ գյուղի եռալեզու կայքը, որը նրան ճանաչում բերեց: 2011թ. բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական մի ընկերությունից աշխատանքի հրավեր ստացավ: Արդեն մի ամիս է` Տիգրանը համացանցում համաշխարհային վարկանիշով մոտ 300-րդ տեղը զբաղեցնող ամերիկյան կայքի համար ծրագրավորում է կատարում: Ինքնուս ծրագրավորողն ինտերնետային կայքերի անվտանգության ապահովման ծառայություն ունի, որը հայկական կայքերին անվճար օգնում է անվտանգության խնդիրները լուծելու:

Տիգրանի վկայությամբ, հայկական կայքերի տերերը հանդուրժում են, որ կայքերը  «կոտրվեն», հետո վերականգնվեն, միջոցներ չեն ձեռնարկում դրանք կանխելու համար: Նա պարբերաբար մասնակցում է «Google»-ի տեխնոլոգիաներով հետաքրքրվող խմբի հանդիպումներին: Սակայն Երեւանից 200 կմ հեռավորությունը խանգարում է, մայրաքաղաքում կայացող շատ միջոցառումների չի կարողանում ներկայանալ: Նա ստեղծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք գյուղերի կայքերը, տարբեր կազմակերպությունների ֆինանսավորմամբ համակարգչային դասընթացներ է անցկացնում Տավուշի մարզի դպրոցներում, երեխաներին ուսուցանում համացանցի հնարավորությունները, թե ինչպես բլոգում գրառումներ կատարել, կայքեր ստեղծել եւ այլն: Երիտասարդ ծրագրավորողը փաստում է.

Հայաստանում ինտերնետ ծառայությունները թեեւ դանդաղ, բայց զարգանում են: Օրինակ , օնլայն խանութներ կան, բայց այդքան տարածված չեն: Դրանք անհրաժեշտ են, որպեսզի արտադրողը համացանցի միջոցով գտնի իր ապրանքի շուկան: Տավուշի մարզում այս առումով վիճակն ավելի վատ է:

Տիգրանը ստեղծել է Տավուշի մարզի ձեռնարկությունների կայք, որտեղ գրանցումն անվճար է: Սակայն ընդամենը մի տասնյակ ձեռնարկություն է այնտեղ գրանցվել, կայքը հոսթինգի ծախսը չի փակում: Վերջերս հանդիպել է Տավուշի մարզպետարանի աշխատակցին, որը զբաղվում է մարզի տնտեսական զարգացման ծրագրերով, նրանք քննարկել են այդ կայքի զարգացման, մարզի գործարարների միջեւ վիրտուալ կապեր ստեղծելու խնդիրը :

Տիգրանը հետեւում է ադրբեջանական կայքերին եւ հավաստում է, որ Հայաստանում կայքերի անվտանգության գծով երիտասարդ մասնագետների գիտելիքների մակարդակն ավելի բարձր է, քան ադրբեջանցիներինը: Նրա խոսքերով` հաճախ ադրբեջանցի հաքերներն իրենց պետական կայքերը  «ջարդում են»` մեղքը գցելով հայերի վրա:

Չնայած առկա դժվարություններին` Տիգրանը մտադիր չէ Հայաստանից հեռանալ: Նրա սեղանին համացանցից հանված, մասնագիտական նորույթներ են, որոնք ուսանելով` օրեցօր մեծացնում է իր կարողությունները: Նա որպես հզոր անհատականություններ է գնահատում Արթուր Մեսչյանին, Սթիվ Ջոբսին: Հավանում է Ջոբսի  «կետերի միացման» տեսությունը, թե ինչպես կյանքում կատարված մի պատահական քայլ հետագայում անդրադառնում է ճակատագրի վրա:

Տիգրանն ամեն օր ամփոփում է, թե ինչ է սովորել, եւ ոչ թե ինչքան գումար է աշխատել:

– Չնայած մեր տան համար գումարը շատ կարեւոր է, քույրը` Սոնան գերազանց ավարտել է բժշկական համալսարանը, սակայն օրդինատուրայում ուսումը շարունակելու փող չկա: Տիգրանը ոչ մի գործ կիսատ չի թողնում, թեեւ աշխատանքի ընթացքում հոգնում է,- ասումէ մայրը` տիկին Սիրանույշը:

Կողբեցի ծրագրավորողը մասնակցում է տարբեր մրցույթների: Հաղթել է  «Մայքրոսոֆթ» ընկերության հայտարարած մրցույթում: Մրցանակը` 23 դոլար արժողությամբ շապիկը երեք ամիս ճանապարհին է, դեռ Կողբ չի հասել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031