Սույն թվականի մարտի 18-ին ժամը 14:00-ին “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ “Նոր Ժամանակներ” կուսակցության ակտիվի հերթական ժողովը:
Քննարկման գլխավոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցն էր:
Հանդիպմանը մասնակցում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավար մարմինների և քաղաքական խորհրդի անդամները:
Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հանգամանալից ներկայացնելով 2011թ. դեկտեմբերի 2-ից հետո ընթացող հետհամագումարյան քաղաքական խմորումների ողջ տրամաբանությունը, փաստելով, որ Հայաստանի և Հայ Ժողովրդի շուրջ առկա քաղաքական իրավիճակի ներհայաստանյան, տարածաշրջանային և գեոքաղաքական բաղադրիչների պատմաքաղաքագիտական համադրումը համոզմունք է ստեղծել, որ մայիսվեցյան համապետական ընտրությունը` իշխող վարչախմբի կողմից վերածվելով կանխորշված քաղաքական շոուի, որևէ կապ չունի “Նոր Ժամանակներ” Կուսակցության ծրագրերի և նպատակների իրագործման հետ: Նա վերահաստատեց նախորդ օրերին ԶԼՄ-ներում հնչեցրած այն տեսակետը, որ իշխանության կողմից ծրագրված այդ ներկայացմանը մասնակցելն աննպատակահարմար է: Ժողովի մասնակիցները ծափերով ընդունեցին Կուսակցության Նախագահի և Վարչության այդ դիրքորոշումը:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ ժողովի մասնակիցների համար հնթացս քննարկման թեմա դարձավ կուսակցության ապագա անելիքները` կապված երկրի առջև ծառացած մարտահրավերների և 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
Ժողովը որոշում կայացրեց օրենքով սահմանված նախընտրական քարոզչության փուլից առաջ հրավիրել ևս մեկ ակտիվի առավել ներկայացուցչական հավաք և քննարկել մայիսի 6-ի հետ կապված Կուսակցության մարտավարական քայլերը:
ՆԺԿ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ