Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում և հյուսիսային Հալեպ քաղաքում կիրակի օրը որոտացել են պայթյուններ, որոնց պատճառով կան բազմաթիվ զոհեր:
Դամասկոսում որոտացել է երկու պայթյուն, որոնց պատճառով զոհվել է 27, վնասվածքներ է ստացել ավելի քան 100 մարդ:
Այս պայթյունից րոպեներ առաջ պայթյուն է որոտացել հյուսիսային Հալեպ քաղաքում գտնվող կառավարական հաստատության շենքի մոտակայքում:
Քրիստոնյաներով խիտ բնակեցված Սուլայմանիե թաղամասում որոտացած պայթյունն իրականացվել է 200 կիլոգրամ պայթուցիկով բեռնված մեքենայում պայթուցիկ նյութի գործարկման միջոցով:
Կարդացեք նաև
«Արմենիան Ուիքլի» պարբերականը, վկայակոչելով սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը, հաղորդել է, որ պայթյունը նյութական մեծ վնաս է պատճառել թաղամասում:
Պարբերականի վկայությամբ, թաղամասում բնակվող սիրիահայերից մեկն ասել է, թե պայթյունը Սիրիայի հասարակական կառուցվածքը խաթարելու նպատակ է հետապնդել:
Պայթյունների իրականացման համար որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»