Խոհանոցում աշխույժ եռուզեռ է: «Եթե մեր աղջիկների պատրաստած պեռաշկին չփորձես, կնեղանան»: Խոհանոցի պատին կախված է հետևյալ գրությունը` «Ես կարող եմ» :
Սա հասարակ տուն չէ: Պատին ամրացված կարգախոսից հասկանում ես, որ այս տան բնակիչները մեծ երազանքներ ու դրանք իրականացնելու մեծ ցանկություն ունեն: Մենք գտնվում ենք Էջմիածին քաղաքում գործող «Մեր տունը» հասարակական կազմակերպությունում:
Արդեն 7 տարի է, ինչ Տիգրանուհի Կարապետյանի մոտ հղացած գախափարը մի հարկի տակ է հավաքել մանկատան 18 տարին լրացած շրջանավարտներին: Գաղափարն իրականացվել է ԱՄՆ-ի նույնանուն խորհրդի և հատկապես բարերար Ջուլի Աշեկյանի ջանքերով: «Այս կազմակերպության առաջնային նպատակն այն է, որ աղջիկները փողոցում չհայտնվեն, որ հանկարծ թրաֆիքինգի զոհ չդառնան: Տասնութ տարեկանից հետո մանկատնից դուրս են գալիս ,չեն իմանում իրենց անելիքը, թե ինչ աշխատեն, ինչ մասնագիտություն ընտրեն: Հասարակության մեջ իրենց լիարժեք չեն զգում»,-ասում է հ/կ-ի հիմնադիր-նախագահ Տիգրանուհի Կարապետյանը: Էջմիածին քաղաքում գտնվող այս հարմարավետ ու լուսավոր տանը հիմա 8 աղջիկ են ապրում: Նրանք այստեղ են մնալու չորս տարի: Այդ տարիների ընթացքում նրանք հաճախելու են տանը գործող խմբակներին ու դասերին: Նրանցից ոմանք բուհերում են սովորում, ոմանք էլ` ամուսնանում: «Աղջիկների ընտրության հարցում նախապատվությունը տալիս ենք նրանց , ովքեր կրթության հանդեպ սեր ունեն»,-ասում է տիկին Տիգրանուհին: Տնօրինուհին մեծ կարևորություն է տալիս այն հանգամանքին, որ աղջիկները կրթություն ստանան, հասարակության լիարժեք անդամ դառնան: «Նրանք թունելի մեջ ընկած երեխաներ են, որ դեպի լույսն են ձգտում, մենք նրանց դեպի այդ լույսն ենք տանում»,- ասում է նա: Տիկին Տիգրանուհին իրենց տված դաստիարակության հիմքում սերն է դնում: Նա համոզված է որ իրենց կազմակերպությունը աղջիկներին շատ բան է տալիս: Հասմիկն արդեն հինգերորդ տարին է, ինչ այս տանն է ապրում: Սեփական բնակարանի ու ամուր ընտանիքի մասին է երազում: Նրա՝ պայմանագրով նշված չորսամյա ժամկետը լրացել է: Սակայն տիկին Տիգրանուհին, լավ հասկանալով, որ նա գնալու տեղ չունի, այս հարկի տակ է պահում: «Առայժմ նրա ճակատագիրն անորոշ է»:
«Ըստ գրաֆիկի հերթապահություն, մասնակցել այգում կատարվող աշխատանքներին, վերադառնալ «Մեր տուն ոչ ուշ , քան տնօրինության կողմից արտոնված ժամը….» տնօրենը հետևում է, որ տարիների ընթացքում մշակված կանոնադրությունը խստորեն պահպանվի: «Կրթությունը,դաստիարակությունը, դիսցիպլինան մեզ համար առաջնայինն են համարվում բանակի նման»,-կատակում է տիկին Տիգրանուհին:
Վերջինս խստապահանջ է նաև փեսաների ընտրության հարցում: 7 աղջիկ են ամուսնացրել ու արդեն 8 թոռ ունեն: «Բոլոր հնարավոր փեսացուներին լավ ուսումնասիրում եմ»: Տնօրենի խոսքով` իրենց աղջիկները «ընենց լավ հարսներ են, մի հատ վատ բան չեք լսի»: Նրա կարծիքով մանկատնից դուրս եկած երեխաները լավ ընտանիք են կազմում, որովհետև իրենք, զրկված լինելով ընտանիքի ջերմությունից, ուզում են առավելագույնը տալ իրենց ընտանիքներին:
Վերջերս տանը նոր հյուր է հայտնվել: Փոլը Եկել է ԱՄՆ-ից; Արդեն 15 օր է, ինչ բնակվում է տիկին Տիգրանուհու տանը: Կամավորության սկզբունքով օգնում է «Մեր տան» բնակիչներին կենցաղային հարցերով ու աղջիկներին անգլերեն է սովորեցնում: Փոխարենը աղջիկները նրան հայերեն են սովորեցնում: Հայաստանում Փոլն ամենաշատը աղջիկների պատրաստած ճաշերն է հավանել: Տիկին Տիգրանուհուն «մամա» է ասում ու էլ չի ուզում վերադառնալ ԱՄՆ: Ընկերացել է աղջիկների հետ ու ամեն հարցով օգնում է նրանց:
Առհասարակ բոլոր ցանկացողները կարող են կամավորության սկզբունքով օգնել հկ-ին: «Նյութականը իհարկե կարևոր է, բայց սյս երեխաներն ավելի շատ ուշադրության կարիք ունեն, հասարակության սիրո կարիքը ունեն»,- ասում է հ/կ-ի ղեկավարը` ուրախությամբ է նշելով, որ իրենց հաճախակի այցելում են հայտնի մարդիկ, հասարակական ու քաղաքական գործիչներ: «Ես ինձ այնքան լավ եմ զգում,որ զանգում հարցնում են, թե երեխաները ոնց են: Դա մեծ բան է»:
Խոհանոցի եռուզեռը շարունակվում է: Փոլն օգնում է քիվերը կախել: Աղջիկները սեղանն են հավաքում, իսկ ես,դուրս գալով փողոց, դեռ երկար ժամանակ զգում եմ այդ տանը ստացած դրական լիցքերի ազդեցությունը:
Արմինե Հովհաննիսյան
Հ.Գ ի «Մեր տունը»-ի շենքը վերանորոգման կարիք ունի, կան նաև կոմունալ պարտքեր: Օգնության ցանկացած դրսեւորում շատ ողջունելի կլինի է: