Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Պահպանողական կուսակցությունը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
2012թ. մարտի 17-18-ին, Երեւան քաղաքում տեղի ունեցավ Պահպանողական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը` օրակարգային մեկ հարցով` «ՀՀ ԱԺ 2012թ. մայիսյան ընտրություններին Պահպանողական կուսակցության մասնակցություն»: Համագումարն ընդունեց 10 (տասը) որոշում, այդ թվում` Բանաձեւ: Սույնով ներկայացվում են 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ Որոշումները:
ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 6
(«կողմ» 25, «դեմ» 13, «ձեռնպահ» 3)
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ մայիսի 6-ի ընտրություններին մասնակցության հարցում նախապատվությունը տալ Հայ ազգային կոնգրեսի դաշինքին:
ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 7
(«կողմ» 38, «դեմ» 1, «ձեռնպահ» 2)
ՀՀ ԱԺ մայիսի 6-ի ընտրություններին մեծամասնական կարգով թեկնածուներ չառաջադրել:
ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 9
(«կողմ» 41, «դեմ» 0, «ձեռնպահ» 0)
Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհրդին հանձնարարել նախապատրաստել կուսակցության հերթական` 11-րդ համագումար հրավիրելը ոչ ուշ, քան 2012թ. հոկտեմբեր ամիսը:
ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 10
(«կողմ» 41, «դեմ» 0, «ձեռնպահ» 0)
Հաստատել Պահպանողական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարի հետեւյալ Բանաձեւը.
Հաշվի առնելով, որ
ա) Պահպանողական կուսակցությունը 1999թ.-ի սկզբից հետեւողականորեն զբաղվել է ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի քարոզչությամբ եւ նախապատրաստմամբ,
բ) 2008թ. նախագահական ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքներն անընդունելի էին հասարակության մեծամասնության եւ Պահպանողական կուսակցության համար,
գ) 2007թ. սեպտեմբերի 21-ից սկսված քաղաքական գործընթացը ՀՀ Հիմնադիր-նախագահի քաղաքական պարտիան է, որի` նրա կողմից 2012թ. խորհրդարանական ընտրություններով տրամաբանական հանգրվանի հասցնելուն օժանդակելը Պահպանողական կուսակցությունն իր բարոյական պարտքն է համարում,
դ) 2012թ. մայիսյան խորհրդարանական ընտրությունները Պահպանողական կուսակցությունը դիտարկում է որպես 2008թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլ,
Պահպանողական կուսակցությունը 2012թ. ՀՀ ԱԺ ընտրություններում կրկին պաշտպանում է ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին` անկախ նրա հրապարակելիք նախընտրական ծրագրի բովանդակությունից ու նախընտրական ցուցակի կազմից:
Պահպանողական կուսակցությունը վերահաստատում է իր համոզմունքը, որ Հայաստանի պետականության թիվ մեկ քաղաքական խնդիրն այսօր Սահմանադրական կարգի հաստատումն է, իսկ առաջիկայում` հօգուտ քաղաքակրթական Արեւմտյան համակարգի ընտրանք կատարելը:
Հայաստանում Սահմանադրական կարգի հաստատման եւ Հայաստանն Արեւմտյան քաղաքակրթական համակարգին հարազատորեն ինտեգրելու նպատակով Պահպանողական կուսակցությունը կնախապատրաստվի գալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու համար: Պահպանողական կուսակցությունը պատրաստակամ է սույն Բանաձեւին հարիր մոտեցումներ ունեցող բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակության անդամների հետ լայն համագործակցության:
Պահպանողական կուսակցության քարտուղարություն