Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.40-ի սահմաններում Երեւանի Խանջյան փողոցից դեպի Հերացու թունել ընկած ճանապարհահատվածի սկզբնամասում` Չարենցի 4 շենքի դիմաց Երեւանի բնակիչ, 56-ամյա Հայկազ Բախրչյանը, վարելով «ՎԱԶ-2107» մակնիշի 20 ԼՏ 219 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել մոտ 60-70 տարեկան մի քաղաքացու: Վրաերթի ենթարկվածը, ով փողոցն անցել է հետիոտնի համար չնախատեսված վայրից, տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցներն ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ, իսկ վարորդին տեղափոխեցին բուժզննման պարզելու նրա սթափության աստիճանը: Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ վրաերթի ենթարկված անձի ինքնությունը պարզելու համար: