Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.00-ի սահմաններում Երեւանի Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Ավետիսյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են 24-ամյա ամյա Արման Ղեւոնդյանի վարած BMW 320 մակնիշի 29 ՏՍ 268 համարանիշի եւ 41-ամյա Արմեն Արոյանի վարած Միցուբիշի-Պաջերոն մակնիշի 002 ՕՕ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Պաջերոն կողաշրջվել էր, իսկ Ա. Արոյանը տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր նշված հատվածում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցրել էին: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: