Աֆղանստանում քաղաքացիական 16 անձանց սպանության մեջ մեղադրվող ամերիկացի զինվորականը տեղափոխվել է ԱՄՆ-ի տարածքում գտնվող ռազմական բանտ։
Սերժանտ Ռոբերտ Բեյլսը պահվելու է Քանզաս նահանգում գտնվող Ֆորթ Լիվենվորթի հատուկ բանտի մենախցերից մեկում։
38-ամյա Բեյլսի նկատմամբ դեռեւս չեն ներկայացվել մեղադրանքներ։ Նրա դատապաշտպանն ասել է, թե երկու զավակների հոր վրա հավանաբար ազդել են ընկերներից մեկի ծանր վիրավորվելու, ինչպես նաեւ պարտականությունները պատերազմական գոտում չորրորդ անգամ իրականացնելու հանգամանքները։
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք խոստացել են անցկացնել մանրակրկիտ հետաքննություն։ Սակայն Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը մեղադրել է ԱՄՆ-ին՝ իր պատվիրակության հետ համագործակցությունից հրաժարվելու համար։ Աֆղանստանցիները հորդորում են, որ ամերիկացի զինվորականը կանգնի Աֆղանստանի դատարանի առջեւ։
Արամ Վանեցյան
Կարդացեք նաև
«Ամերիկայի Ձայն»