Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մրցանակները ոգեւորում են ու պարտավորեցնում ավելի կատարելագործվել». Դարբնի կարծիքը

Մարտ 18,2012 12:41

 «Դարբնությունը, ինչպես մեղրաճանճի գործը, վերջ չունի», – այս կարծիքին է Մարզպետունի Դավթյանը, ով արդեն 13 տարի է` դարբին է: Սպիտակ քաղաքում բոլորն են ճանաչում նրան ու հիմնական գործերը հենց նրա մոտ պատվիրում:

Մարզպետունու արհեստանոցը նման չէ ավանդական դարբնոցներին. մի բացօթյա անկյունում իր ուժերով որոշակի հարմարություններ է ապահովել ու զբաղվում է իր գործով: Երկաթյա մեծ սեղանին կարելի է տեսնել պատվերների գծագրերը, իսկ անկյուններում կիսավարտ աշխանքներն են:

«Իմ աշխատանքային օրը սկսվում է արթնանալուց հետո, երբ հա’մ հաց ուտելիս եմ պատվիրվածը մտքիս մեջ սարքում, հա’մ կարդալիս. մինչև հերթը հասնում է նկարելուն ու սարքելուն, ուղեղիս մեջ արդեն մի մեծ պրոցես է անցնում»,- իր առօրյայի մասին պատմում է  դարբինը:  Հետո իջնում է դարբնոց, միացնում պատին ամրացված ռադիոն ու սկսում աշխատել . «Ռադիոն իմ անբաժանելի ընկերն է , ինձ մենակ չեմ զգում, լուրեր եմ լսում, մտքիս մեջ անգամ ազգային ժողով եմ ընտրում, պրիզիդենտ եմ ընտրում.. »:

Դարբնի աշխատանքով պատահաբար է որոշել զբաղվել, ամեն ինչ , իր խոսքով, սկսվել է մանկուց, երբ 12-13 տարեկանում երազ է տեսել. «Մի մութ անկյուն էր, ես երկաթ էի ծեծում: Առավոտյան երազս պատմեցի հորս, բայց նա կարծես ուշադրություն չդարձրեց»,- պատմում է նա:

20 տարի անց, երբ մեկնել էր Մոսկվա, հանգամանքների բերումով հանդիպել էր  հայտնի դարբին Լեոնիդ Բիկովին ու նրանից մի քանի խորհուրդներ ստացել արհեստի վերաբերյալ :   «Որոշ ժամանակ անց սկսեցի աշխատել: Մի անգամ, երբ առաջին աշխատանքս էի անում դարբնոցում, երբ բոլորը դուրս եկան, շուրջս նայելով` հիշեցի երազիս մրոտ առաստաղը. հենց նույն երազն էր. մարմնովս սարսուռ անցավ… զանգեցի հորս, ասացի`երազս կատարվեց»,- պատմում է նա:

Դարբնի առաջին գործը Մոսկվայում պատրաստած թիթեղյա ծաղիկներն էին, իսկ առաջին պատվերը` բուխարու պարագաների հավաքածուն: Հիմա պատվերներ ամեն օր է ստանում, և ոչ միայն Սպիտակ քաղաքից, այլև այլ մարզերից ու Երևանից:

« Այս տարին սկսել եմ Գյումրի քաղաքի մարզպետարանի մուտքի դռան պատվերով: Գործերս բազմատեսակ են բազրիքներից, դարպասներից, եկեղեցու համար տարբեր պարագաներից մինչև մանր գործեր ` մոմակալներ, ջահեր»,- ասում է Մարզպետունի Դավթյանը: մասնակցել է մի շարք մրցույթների ու ցուցահանդեսների, ինչպես Հայաստանում, այնպես էլ Մոսկվայում: Վերջին ցուցահանդեսը, որին մասնակցել է «Միջմարզային մրցույթ-փառատոնն» է եղել` 2011 թ.-ին, որտեղ ներկայացրել է Լոռվա մարզը:

«Մրցանակները ինձ համար այդքան էլ չեմ կարևորում, անկախ դրանցից,  ես սիրում եմ իմ աշխատանքը,  բայց մյուս կողմից լավ կլիներ, որ ամեն ոլորտում էլ մրցանակներ տան. դրանք ավելի են խրախուսում, ոգևորում ու պարտավորեցնում են ավելի կատարելագործվել»:

Մարգարիտա Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031