Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ հայտարարությունը. «Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ տեղի է ունենում հերթական քաղաքական հետապնդումը»

Մարտ 17,2012 22:28

«Սիլ» կոնցեռնի հիմնադիր, Ազգային ժողովի երկու գումարումների պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ս/թ. մարտի 14-ին «Մարիոթ» հյուրանոցում տված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ մեծամասնական համակարգով կրկին առաջադրվել է թիվ 10 ընտրատարածքում։ Նա գովեստի խոսքեր էր ասել Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական գործունեության մասին՝ իրեն համարելով նույն քաղաքական թիմի անդամ։ Նախատեսված էր, որ Խ. Սուքիասյանը կընդգրկվի Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակում։

Ի պատասխան այս հայտարարությունների, հաջորդ իսկ օրը ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 15.05.2012 թվակիր գրությամբ անվավեր հայտարարեց մինչ այդ՝ Էրեբունու անձնագրային բաժանմունքի կողմից 03.03.2012թ. տրամադրած տեղեկանքը Խաչատուր Սուքիասյանի՝ վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակված լինելու մասով։ Վիզաների վարչությունը մեկ օրվա ընթացքում կատարած իր «փնտրտուքների» շնորհիվ պարզել է, որ Խ. Սուքիասյանը վեջին 5 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել է 10 ամիս 20 օր և համարում է, որ դրանով չի ապահովվում նրա՝ վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակված լինելու պահանջը։

Մշտական բնակության հասկացությունը սահմանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ հոդվածը, ըստ որի՝ «բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է»։ Ըստ Վիզաների վարչության թվաբանության՝ վերջին 5 տարվա ընթացքում 4 տարի 1 ամիս և տասը օրը Հայաստանում ապրելը չի նշանակում «առավելապես», այսինքն՝ մշտապես ապրել Հայաստանում։ Ինչ վերաբերում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին արված հղումներին, ապա դրանք չեն կարող տվյալ խնդրի կարգավորման հիմք հանդիսանալ և հանգեցնել անձի՝ ընտրական իրավունքի սահմանափակումների։ Հակառակ դեպքում դրանք կա՛մ արձանագրված, կա՛մ հղված պետք է լինեին Ընտրական օրենսգրքում, որը միայն կարող է սահմանել ընտրական իրավունքի սահմանափակման դեպքերը։

Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ տեղի է ունենում հերթական քաղաքական հետապնդումը։ Այն սկսվել է 2008թ-ից, երբ նա հայտարարեց  նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին։ Դրանից հետո քաղաքական հետապնդումների ու հալածանքների են ենթարկվել Խաչատուր և Սարիբեկ Սուքիասյանները, նրանց ողջ ընտանիքը։ Բացահայտ ապօրինությամբ նրանցից խլվեց «Բջնի» հանքային ջրերի գործարանը, ծանր հարված հասցվեց նրանց ընտանեկան բիզնեսին։

Որպես ԱԺ պատգամավորության թեկնածու Խաչատուր Սուքիասյանի առաջադրվելու փաստը, այդ առիթով նրա մամուլի ասուլիսը լայն քաղաքական հնչեղություն ունեցավ, շատերի մոտ հույս արթնացրեց, դրականորեն ազդեց հասարակական տրամադրությունների ու մթնոլորտի վրա։ Վարչախումբը սարսափում է Սուքիասյան ընտանիքից նաև այն բանի համար, որ վերջինս, յուրացրած լինելով ազատ շուկայական տնտեսության ժամանակակից մեխանիզմները՝ գործում է բացառապես օրինականության և թափանցիկության դաշտում։ Խ. Սուքիասյանի նկատմամբ կատարված անզոր ու խարդախ այս քայլն այլ բան չէ, քան իշխանության վախի ու գծուծ վրեժխնդրության արտահայտություն։ Սրանով արդեն իսկ ցնդում է այն առասպելը, թե այս իշխանությունը պատրաստվում է օրինական ու արդար ընտրություն անցկացնել։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման այս փաստը, համոզված է, որ այն կարժանանա ինչպես հասարակական, այնպես էլ միջազգային հակազդեցության և հույս հայտնում, որ դատական ճանապարհով հնարավոր կլինի վերականգնել օրինականությունը։ Հակառակ դեպքում Կոնգրեսն ունի այս ապօրինությանը համարժեք պատասխան տալու հնարավորությունը։

Հայ ազգային կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031