Այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 17-ին ոստիկանության Ապարանի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Արագածոտնի մարզային փրկարար վարչություն, որ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի բնակիչ, 60-ամյա Շահանդուխտ Ղուկասյանին նախաբազկի կոտրվածքի նախանշանով պետք է տեղափոխել հիվանդանոց: Սակայն ճանապարհի անանցանելիության պատճառով անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հաշված րոպեների ընթացքում Ապարան քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատից «ՈՒՌԱԼ ԱՏ» մակնիշի ավտոմեքենայով 9 հրշեջ-փրկարարներ հրամանատար Հայկ Արշակյանի գլխավորությամբ մեկնում են Երնջատափ գյուղ: Գ. Շամշյանը հայտնում է, որ հասնելով Հարթավան գյուղի վերջնամաս ճանապարհի անանցանելիության եւ մերկասառույցի պատճառով մոտ 5,5 կմ ճանապարհը փրկարարները շարունակում են ոտքով: Հրշեջ-փրկարարներին հաջողվում է Երնջատափ գյուղից պատգարակով Շ. Ղուկասյանին նորից 5,5 կմ ոտքով տեղափոխել Հարթավան գյուղ, որտեղ հիվանդին հանձնում են Ապարանի Շտապ օգնության բրիգադին: Վերջիններիս կողմից առաջին բուժօգնություն ստանալուց հետո հիվանդը տեղափոխվում է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար: