Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի անդրանիկ նիստը

Մարտ 17,2012 17:28
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի առաջին նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի, ինչպես նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ներկայացնելով արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ իր ղեկավարած գերատեսչության ենթակայության ներքո ձևավորվել են երեք ճյուղային խորհուրդներ՝ պետություն-մասնավոր սկզբունքով: Վերջիններն ըստ ոլորտների քննարկելու են զարգացմանն ուղղված ծրագրային հեռանկարներն ու առաջարկությունները:

Նախարարն ասել է, որ արդյունաբերական ռազմավարությամբ մինչ 2015 թվականն արտահանման ծավալները նախատեսվում է կրկնապատկել՝ հասցնելով 2,1 միլիարդ դոլարի, իսկ մինչ 2020 թ.-ը եռապատկել՝ հասցնելով 2,8-3,3 միլիարդի: ՀՀ էկոնոմիկայի նախարարի հաշվետվությամբ՝ 2011 թ.-ին արդյունաբերության աճը կազմել է 14,1 տոկոս, որն ապահովվել է ինչպես ավանդական, այնպես էլ նոր ճյուղերում արձանագրված զարգացումների շնորհիվ: Ընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը մոտեցել է 1 տրիլիոն դրամի՝ կազմելով 992 միլիարդ դրամ, ինչը մեր երկրի անկախ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Արդյունաբերության մասնաբաժինն աճել է նաև երկրի համախառն ներքին արտադարանքի մեջ. եթե 1-2 տարի առաջ այդ մասնաբաժինը կազմում էր ընդամենը 12-13 տոկոս, ապա ակնկալվում է, որ այն կանցնի 20 տոկոսը:

Տիգրան Դավթյանը նշել է, որ ամբողջությամբ ձևավորվել է նաև ազատ տնտեսական գոտիների ստեղծման օրենսդրական հիմքը: Սպասվում է, որ առաջին ազատ տնտեսական գոտին պատրաստ կլինի գործունեություն ծավալել արդեն ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Նախարարի խոսքով՝ հաջողությամբ է իրականացվում նաև պետության կողմից մասնավոր հատվածին ցուցաբերվող օժանդակության գործընթացը: Մասնավորապես, երկու տասնյակից ավելի ներդրումային ծրագրեր արժանացել են կառավարության հավանությանը և նրանց կտրամադրվի Ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի հնարավորություն: Այս ամենի արդյունքում կիրականացվեն 85 միլիարդ դրամի ներդրումային ծրագրեր: Պետական ռեսուրսներից վարկավորման ծրագրերը ևս ակտիվ ընթացքի մեջ են:  «ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամարվել է 53 վարկ՝ 39 ընկերությունների, որի ընդհանուր ծավալը կազմել է 3,6 միլիարդ դրամ:

Այնուհետև, խորհուրդը հստակեցրել է ռազմավարության շրջանակներում գերակա ոլորտները՝ ճյուղային տարբերակով: Գերակա են համարվել՝ Ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության, գինեգործության, ադամանդագործության՝ այդ թվում՝ ոսկերչության, զարդեղենի արտադրության և ժամագործության, ինչպես նաև թեթև արդյունաբերության՝ կոշիկի արտադրության ու մանածագործության ոլորտները: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ներկայում մշակվել են առաջին երեք բնագավառներում զարգացման ծրագրերը: «Մյուս ոլորտներում ևս կմշակվեն ռազմավարական ծրագրեր: Սրանք այն ոլորտներն են, որոնք պատրաստ են մեզ հետ միասին այս հարթակում ծրագրեր իրականացնել»,- ասել է վարչապետը:

Օրակարգային երրորդ հարցով ներկայացվել են այն ուղղությունները, որտեղ պետությունը պատրաստ կլինի իր տեխնիկական և ֆինանսական աջակցությունը ցուցաբերել մասնավոր հատվածին: Մասնավորապես, նշվել է, որ պետությունն իր աջակցությունը կցուցաբերի հանրաճանաչ և միջազգային արդյունաբերական ընկերություններին հայաստանյան շուկա ներգրավման, տեղական ընկերություններին արտաքին շուկաներ դուրս գալու և միջազգային համագործակցություն ծավալելու, միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու, մասնագետների վերապատրաստման, արտերկրում առևտրական ներկայացուցչությունների համակարգի ընդլայնման գործում: Քննարկվել է նաև արտադրության և արտահանմանն ուղղված ծրագրերին պետական ռեսուրսներից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների որոշակի սուբսիսադավորման հարցը: Այն բոլոր գործիքները, որոնք կառաջարկի խորհուրդը՝ լինելու են համաֆինանսավորման սկզբունքով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031