Լրահոս
Օրվա լրահոսը

Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար…

Մարտ 17,2012 16:32

Ճռռոցով բացվում է դուռը, և հայտնվում ես հեքիաթային մի սենյակում, որտեղ կողք կողքի ապրում են եկեղեցիներ, խաչքարեր ու լեռների ծոցում ծվարած բերդեր,  ոսկյա արտեր ու գետեր, հողագործ մշակն ու գրողը…. Որքա՜ն հյութեղ են հայոց հողի տված մրգերը, ի՜նչ չքնաղ ու անուշաբույր են գույզգույն ծաղիկները, գեղեցիկ է ծփացող արտերի ոսկին….

     Այս կախարդական սենյակը մտացածին չէ: Այն գտնվում է Աշտարակ քաղաքի մի տանը, որտեղ ապրել և ստեղծագործել է գեղանկարիչ Թադևոս (Թաթիկ) Ավետիսյանը:

Թաթիկ Ավետիսյանը ծնվել է 1926թ. Աշտարակում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Նա մասնագիտական կրթություն չի ստացել, սակայն դա նրան չի խանգարել: Ի վերուստ տրված տաղանդն ու աշխատասիրությունը օգնել են նրան ինքնակատարելագործվել ու արարել,  ստեղծել ինքնատիպ ու հիացմունքի արժանի գործեր: Աշխատել է կոլտնտեսային արտադրությունում, հեռագրատանը, եղել է ՀԼԿԵՄ շրջկոմի բաժնի վարիչ, քաղաքային մշակույթի բաժնի վարիչ, Աշտարակի քաղխորհրդի քարտուղար, ժողթատրոնի նկարիչ-ձևավորող: Այս ամենի հետ միասին ամբողջ կյանքը նվիրել է վրձնին ու կտավին: Սկսել է նկարել վաղ հասակում, նկարելով ձեռքի տակ ընկած ամեն հարմար բանի վրա: Թաթիկ Ավետիսյանի նկարները զարմացնում են գույների ներդաշնակությամբ, նրա նկարները շնչում են աշնանային բազմահազար գույներով: Նկարներին նայելիս թվում է, թե լսում ես գետակի քչքչոցը, զգում զեփյուռի մեղմ հպումը, քամու խաղը վարսերիդ մեջ, արբում ես մրգերի ու ծաղիկների  բույրից:

Թաթիկ Ավետիսյանը մահացել է 2012թ. փետրվարի 24-ին, հիշատակ թողնելով նկարների մի ամբողջ ժառանգություն: Այստեղ տեղին կլինի հիշել Հ. Թումանյանի հայտնի խոսքերը` գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար… Թ. Ավետիսյանի նկարները, որոնց մի մասը կենդանության օրոք նա սիրով նվիրել է, զարդարում են բազմաթիվ պատեր ու անմար կպահեն նրա վառ հիշատակը: Այժմ հոր գործը շարունակում է որդին`Գագիկ Ավետիսայնը:

     Մեզանից ոչ մեկն այնքան աշխատանքներ չի կատարել, ոչ մեկն անքան վանք ու եկեղեցի, բերդ ու խաչքար չի նկարել, որքան Թ. Ավետիսյանը: Պղնձափայլ ժայռերի պռնկին բազմած նրա Սաղմոսավանքը, Օհանավանքը, Տեղերի վանքը, Աստտվածընկալի ավերակները, Ս. Սարգսի եկեղեցին`իր Փոկա բերդով ու հնամենի կամրջով, Ամբերդը` Արարատյան դաշտի կապույտ երանգի մեջ: Կարմրավորը` խաչքարերի հետ, Մաշտեցյան տառարձանը… ներշնչված են խոր հայրենասիրությամբ, վկայում են շնորհաշատ նկարչի վարպետությունն ու անզուսպ սերը դեպի մեր ծողովրդի պատմությունն ու նրա դարավոր մշակույթը… (Վահան Խորենյան, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (Ծնած տեղս, N19(20) 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2006թ.)):

Տաթեւիկ Մինասյան

 

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031