Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մակեյան. «Ազատ դեմոկրատներից» շատերի հետ ընկերներ ենք

Մարտ 17,2012 14:44

 Երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը համագումար էր հրավիրել, որին ի թիվս այլոց ներկա էին նաեւ  Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները՝ իրենց առաջնորդ Պետրոս Մակեյանի գլխավորությամբ: Դեռ մինչեւ համագումարի մեկնարկը Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մակեյանն ասաց, թե ազատ դեմոկրատների առաջնորդների կողմից ՀԱԿ-ը լքելը որեւէ  նստվածք չի թողել եւ ինքը շարունակում է «նորմալ, շատ նորմալ» վերաբերվել ՀԱԿ-ի իր նախկին գործընկերներին. «Մենք գործընկերներ ենք եղել, շատերի հետ ընկերներ ենք, հրավեր է եղել, որը մեծ սիրով ընդունել եւ եկել ենք»: Մակեյանի մատուցմամբ՝ նոր ձեւավորված քաղաքական ուժի համար բարդ  ու դժվար է քաղաքական դաշտ մտնել ու իր ուրույն  տեղը զբաղեցնել: Այդուամենայնիվ, Մակեյանն ասաց, թե ազատ դեմոկրատները՝ որպես նոր ուժ նոր է ձեւավորվում, բայց նրա անդամների մի  մասը քաղաքական փորձառություն ունի. «Կարծում եմ՝ մեր խնդիրն է նրան մաղթել, որ աջակցեն  հայաստանյան քաղաքական դաշտի կայացմանն ու իրենք էլ կայանան»:

Սահուն անցում կատարելով արդեն առաջիկա ընտրություններին, հարցրինք՝ իր կարծիքով «Ազատ դեմոկրատների»՝ որպես նորաստեղծ կուսակցության, համար հեշտ կլինի՞ մասնակցել մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին եւ արդյոք իր կանխատեսմամբ կհաղթահարի նոր գումարման խորհրդարան մտնելու արգելքը: «Ես գիտեմ, որ նոր ձեւավորված ուժի համար շատ բարդ է հենց առաջին ընտրությանը մասնակցել, բայց որքան հասկանում եմ՝ իրենք եւ քաղաքական, եւ ընտրական փորձ ունեն, ու իմ տեղեկություններով՝ դաշինքով են գնում ընտրությունների: Կարծում եմ՝ կհաղթահարեն այդ  փորձությունը, եւ այդ գործում իրենց հաջողություն եմ մաղթում»:

Արդեն համագումարից հետո Պետրոս Մակեյանի հետ խոսեցինք իր տպավորությունների մասին՝ անդրադառնալով նաեւ այն հանգամանքին, որ թե կուսակցության բանաձեւում, թե Քոքոբելյանի ելույթում հիմնականում խոսվում էր արեւմտյան արժեքների, Եվրոպային Հայաստանի ինտեգրման կարեւորության մասին եւ որեւէ կերպ մասնավոր անդրադարձ չեղավ Ռուսաստանին: Այս առնչությամբ Մակեյաննը նախ ասաց, թե կուսակցության համագումարն ընդհանուր առմամբ՝ լավ էր կազմակերպված. «Ճանաչելով ՀՀՇ-ի անդամներին՝ տեսնում էի նաեւ նրանց որոշակի ներկայությունը, բայց տեսա նաեւ գերակշիռ մասով երիտասարդների մասնակցություն այդ կուսակցությանը, ինչը լավ է: Բովանդակային առումով,  կարծում եմ, նոր բան չասվեց: Ազատական թեւը ներկայացնող բոլոր կուսակցություններն էլ հիմնականում հայտարարում են արեւմտյան ու համամարդկային արժեքների կրողը լինելու եւ դրանք իրենց գերակայությունը  համարելու, ազատ եւ մրցակցային շուկայի ձեւավորման մասին, ինչը  հնչեց նաեւ ազատ դեմոկրատների համագումարում: Հայաստանյան քաղաքական դաշտի համար յուրահատուկ կերպով այստեղ էլ փորձեցին  ռուսական վեկտրի վրա շատ չֆիքսվել: Բացառություն էր միայն Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հակառուսական ելույթը, որին անմիջապես արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանը՝ ասելով, թե իրենք ամբողջությամբ չէ, որ կիսում են նրա տեսակետը: Այսինքն,  խնդիր կա, որ եթե անգամ երկրի համար ռուսական կողմնորոշման մեջ վտանգավոր ինչ-որ բաներ էլ տեսնում են՝ աշխատում են դրա մասին չբարձրաձայնել, եւ դա նկատելի էր նաեւ ազատ դեմակրատների պարագայում»:

Իսկ որպես ինքնուրույն կուսակցություն «Ժողովրդավարական Հայրենիքը» համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է «Ազատ դեմոկրատների» հետ: «Համագործակցության առումով մեծ հաշվով հիմա միջնորդավորված համագործակցություն կա նաեւ ՀԱԿ-ն ի հետ՝  ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու համատեսքստում: Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, ապա մենք հանուն երկրում սահմանադրական կարգի հաստատման ու այս ռեժիմից, այս սանձարձակությունից ազատվելու համար ոչ մի խնդիր չունի որեւէ ուժի հետ համագործակցության առումով՝ նույնիսկ մեզ համա շատ անցանկալի եւ անտրամաբանական ուժերի հետ»,- հայտարարեց Մակեյանը: Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատների»՝ որպես «ամերիկյան պրոյեկտ» կամ «երրորդ ուժ» լինելու մասին շրջանառվող խոսակցություններին, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության առաջնորդն ասաց, թե՝ «դա հիմնականում ՀԱԿ կազմում գտնվող մեկ կուսակցության՝ ՀՀՇ-ի ներքին հարցն» է համարում ու այդ խմորումներին միջամտելն ու մեկնաբանելը ճիշտ չի համարում, բայցեւ հավելեց. «Հայաստանը փոքր երկիր է, ու, ցավոք, Հայաստանում այնպիսի միջավայր կա ու այնպիսի մթնոլորտ է ձեւավորվել, որ յուրաքանչյուր կուսակցության  կամ քաղաքական գործչին ինչ-որ բան կպցնում են: Թե կոնկրետ դեպքում դա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը՝  չեմ կարող ասել,  որովհետեւ դա հայաստանյան միջավայրի արտացոլանքն է, չեմ ուզում սուբյեկտիվ գնահատականներ արտահայտել»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031