Սեռական կյանքը պահանջում է հիգիենիկ նորմերի կատարում
«Խորհուրդ տալ, թե ե՞րբ է հարկավոր սկսել ապրել սեռական կյանքով՝ դժվար է, դա կախված է սեռական դաստիարակության առանձնահատկություններից, ընդհանուր զարգացումից, սեռական հասունության ձեւավորումից, տվյալ հասարակության մեջ գործող ավանդույթներից, տիրող բարոյահոգեբանական մթնոլորտից, ինչպես նաեւ շատ ու շատ այլ գործոններից»,- ասում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
«Այնուամենայնիվ, թե՛ տղայի, թե՛ աղջկա համար սեռական կյանքի սկիզբը ցանկալի է լինի 18 տարեկանից հետո, քանի որ լրիվ սեռական հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, ավարտվում է մարդու ընդհանուր մտավոր եւ հոգեբանական ձեւավորումը, այլ կերպ ասած՝ մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար»,- բացատրում է բժիշկը՝ հավելելով, որ սեռական կյանքը մարդու կյանքի, վարքագծի, վերջապես օրգանիզմի կենսագործունեության բաղկացուցիչ մասն է միայն, եւ այն ի զորու է ազդել մարդու ապրելակերպի եւ սեռական վարքագծի վրա:
Կարդացեք նաև
«Առաջին սեռական հարաբերությունը աղջկա կյանքում հսկայական իրադարձություն է, եւ շատ հաճախ դրանից է կախված կնոջ հետագա սեռական վարքագիծը: Եթե առաջին սեռական հարաբերությունը տեղի է ունեցել կոպիտ ուժի կիրառմամբ, ուղեկցվում է ցավով, ապա հետագայում կարող է ձեւավորվել սեքսոլոգիական մի խանգարում, որը կոչվում է վագինիզմ՝ հեշտոցամուտքի մկանների կտրուկ սպազմ, որն ուղեկցվում է ուժեղ ցավով՝ փաստորեն անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը: Կինը, որը հասնում է սեռական հասունացման, այսպես կոչված՝ արբունքի, ունի բնական նորմալ ձգտում դեպի հակառակ սեռը: Այն ցանկալի է, որպեսզի արտահայտվի եւ բավարարում ստանա ամուսնական կամ գոնե մշտական մեկ զուգընկերոջ հետ ձեւավորված հարաբերություններում»,- նշեց Վ. Շահրամանյանը՝ հավելելով, որ մեկից ավելի զուգընկեր ունենալու դեպքում թե՛ կինը, թե՛ տղամարդը գտնվում են ռիսկային գոտում՝ կապված սեռավարակների, սեռական օրգանների բորբոքումների առաջացման հետ:
Բժշկի մեկնաբանմամբ՝ շատ հաճախ երիտասարդները չգիտեն, որ սեռական կյանքը պահանջում է որոշակի հիգիենիկ նորմերի կատարում: Անկախ այն հանգամանքից՝ սեռական կյանքով ապրում է թե ոչ, յուրաքանչյուր անձ՝ լինի կին, թե տղամարդ, պարտավոր է հետեւել իր սեռական օրգանների հիգիենային՝ դրանք անհրաժեշտ է լվանալ գոլ ջրով ամեն օր, ինչպես նաեւ սեռական ակտից առաջ եւ հետո: Սեռական օրգաններին չի կարելի ձեռք տալ կեղտոտ ձեռքերով, ինչպես նաեւ հարկավոր է ուշադրություն դարձնել այն տեղին, որտեղ պատրաստվում եք հարաբերություն ունենալ, խոսքը բաղնիքների, սաունաների, փակ լողավազանների մասին է. «Հաշվի առեք, որ նման տեղերում միշտ չէ, որ տրամադրվում է մաքուր սպիտակեղեն, ոչ միշտ են մաքրվում լողավազանները: Եթե օգտվում եք նման հաստատություններից, ապա խնդրեք նախօրոք լավ մաքրել լողավազանը, ձեռքի տակ ունեցեք մաքուր, անձնական օգտագործման սպիտակեղեն եւ աշխատեք հարաբերություն չունենալ ջրի մեջ, քանի որ նման դեպքում սեռավարակները թափանցելու ավելի մեծ հնարավորություն են ձեռք բերում: Սեռական կյանքի հիգիենայի հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաեւ ժամանակին բժշկի հաճախելը՝ սեռական օրգանների օրգանական եւ ֆունկցիոնալ խնդիրների դեպքում: Շատ հաճախ մարդիկ միամտորեն կարծում են, որ միայն հիգիենայի կանոններին հետեւելն ու միայն մեկ զուգընկեր ունենալն ապահովում է լիարժեք սեռական առողջություն: Իհարկե՝ նման վարքագիծը ձեզ ապահովագրում է մի շարք խնդիրներից, այնուամենայնիվ, առողջական բոլոր խնդիրները չեն, որ անմիջական կապ ունեն հիգիենայի եւ սեռական վարքագծի հետ»,- ավելացրեց բժիշկը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր սեռահասուն տարիքի անձ պարտավոր է տարին գոնե մեկ անգամ հաճախել բժշկի՝ «պայծառ եւ արեւշող» սեռական առողջություն ունենալու նպատակով:
«Առավոտ» օրաթերթ