Ռուսաստանի պետդումայում պատրաստվում են խստացնել մենապայքարային մարտարվեստների ներկայացուցիչների համար քրեական պատասխանատվությունը:
Անցած տարի սամբոյի աշխարհի չեմպիոն Ռասուլ Միրզոեւի գործը անսպասելի շարունակություն է ստանում: Մարզիկը դատապարտվել է այն բանի համար, որ վիճաբանության ժամանակ հարվածել է 19-ամյա ուսանող Իվան Ագաֆոնովին, ինչը վերջինի մահվան պատճառ է դարձել: Այս պատմությունը մեծ արձագանք է ստացել եւ ՌԼԴԿ պատգամավորական խմբակցությունը համապատասխան օրինագիծ է մշակում: Նրանց տեսանկյունով մարդու՝ հատուկ նախապատրաստություն անցած բռունցքներն ըստ էության սառը զենք են: Այսինքն, եթե չարագործը հանցագործություն կատարելիս գործի է դնում մարզական մենապայքարային ձեւերում յուրացրած հնարքները, վճիռ կայացնելիս դատարանը դա պետք է գնահատի որպես ծանրացուցիչ հանգամանք:
Ճիշտ է, օրինագիծը դեռ քննարկման փուլում է, սակայն դրա շուրջ արդեն թեժ քննարկումներ են ծավալվել: Թերահավատներն ասում են. եթե մարդը եկել է մարզադահլիճ, մեկ շաբաթ պարապել եւ դրսում ինչ-որ մեկի հետ կռվել, դա ծանրացուցի՞չ հանգամանք է: Այստեղ վիճելի հարցերը շատ են: Իսկ Պետդումայի սպորտի հանձնաժողովի նախագահի տեղակալ Դմիտրի Սվիշչեւի կարծիքով՝ հարցը հասունացել է: «Այլ բան է, որ անհրաժեշտ է ամեն մի նրբություն մանրամասն հաշվի առնել: Օրինակ, ո՞ր մարտարվեստների մասին է խոսքը, օրենքը կվերաբերի՞ սուսերամարտիկին, որը ոչ միայն կատարյալ տիրապետում է սուսերին, այլեւ, ասենք, պատառաքաղին: Իսկ ինչպե՞ս վարվել ինքնապաշտպանության հետ: Գուցե մարզիկը պաշտպանել է աղջկա՞: Նա խուլիգաններին ցրելուց առաջ պետք է վկայակա՞ն ունենա, որ ինքը բռնցքամարտիկ է: Ամեն դեպքում՝ օրենքը պետք է նպաստի երկրում սպորտի զարգացմանը: Որպեսզի ծնողները մի կողմից չվախենան իրենց երեխաներին մարզական խմբակներ ուղարկել, մյուս կողմից էլ՝ վախենան բակ թողնել»,- ասում է պատգամավորը:
Այսպես, թե այնպես՝ Ռուսաստանում ինչ-որ մի օրենք կընդունվի: Բայց դրա կարիքը, կարծում ենք, մեզանում ավելի շատ է: Առավել եւս, որ մի բուռ Հայաստանում անհայտ ծագման մի քանի տասնյակ արեւելյան ու չգիտես՝ էլ ինչ մարտարվեստների մի քանի տասնյակ «դպրոցներ» են գրանցված ու հայտնի չէ, թե դրանցում ի՞նչ են սովորեցնում երեխաներին եւ ինչ ներարկում նրանց հոգեբանության մեջ: Բարեբախտաբար, օրինական դաշտում գործող մեր մարզիկներն առայժմ, կարծես, առօրյա կյանքում խնդիրներ գրեթե չեն առաջացնում: Բայց հարցն ավելի շատ վերաբերում է մարզական կարիերան ավարտածներին, որոնցից շատերն աշխատանք են գտնում թիկնազորերում ու մասնակցում այս կամ այն «դեմքերի» ռազբիրատներին, հաճախ էլ՝ բոսին անսահման նվիրվածությունը ցույց տալու համար անձնական նախաձեռնություն դրսեւորում՝ անցնելով սահմանները:
Իսկը ժամանակն է, որպեսզի մեր նոր ընտրվելիք Ազգային ժողովում էլ այս խնդիրն օրակարգային առաջնահերթ հարց դառնա:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ