Կամ՝ գովազդային հոլովակների որակը «դրսում» եւ Հայաստանում
Երեկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում կայացավ «Կաննի առյուծներ» գովազդի միջազգային փառատոնի հաղթող տեսահոլովակների ցուցադրությունը: Մեզ մոտ նման ցուցադրություն անցկացվում է 2003 թվականից՝ Հայաստանի գովազդային խորհրդի (ՀԳԽ) նախաձեռնությամբ:
«Առավոտը» զրույցի հրավիրեց ՀԳԽ-ի նախագահ Արմեն Մարտիրոսյանին եւ խորհրդի անդամներից Խորեն Բեգլարյանին: Մեր զրուցակիցները նշեցին, որ Կաննում 1951 թվականից անցկացվող ամենամյա նման հեղինակավոր փառատոնի երեւանյան ցուցադրությունը նպատակ ունի բարձրացնել հայրենական գովազդային ոլորտի մակարդակը՝ համեմատության մեջ դնելով աշխարհի լավագույն հոլովակները տեղականի հետ: Դիտարկմանը, թե դատելով հայաստանյան TV-ներով ցուցադրվող տեսահոլովակներից, փաստորեն կարելի է ենթադրել, որ Հայաստանում անցկացվող ամենամյա միջոցառումները չեն ծառայում իրենց նպատակին, Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց. «Ոչ, հայաստանյան գովազդային ոլորտում աճ է արձանագրվում որակական եւ քանակական առումով: Իհարկե, այսօր չենք կարող համեմատվել համաշխարհային գովազդի հետ»: Խորեն Բեգլարյանն էլ հավելեց, որ դրա համար կան որոշակի պատճառներ, օրինակ՝ մեզանում գովազդային հոլովակների պատրաստման գինը շատ ցածր է, հաճախ արտադրող ընկերությունը հնարավորություն չի ունենում դիմել բարձրակարգ մասնագետների՝ հնչյունային ռեժիսորի, օպերատորի, կոմպոզիտորի, դիմահարդարի եւ այլն: Փաստեց նաեւ, որ գովազդներում կրկնվում են դերասանների ձայները, ովքեր հիմնականում TV-ների կամ ռադիոյի աշխատակիցներ են:
Նշելով բազմաթիվ օրինախախտումների մասին՝ Ա. Մարտիրոսյանը բերեց բանկային, ապահովագրական եւ այլ ոլորտների տեսահոլովակներում երեխաների նկարահանվելու չարաշահման օրինակներ՝ դա արգելված է օրենքով: Մեր խնդրանքին ի պատասխան՝ պարոն Մարտիրոսյանը մի դեպք ներկայացրեց. երգչուհի Ալլա Լեւոնյանի եւ իր անուշիկ երեխաների կողմից գովազդվող եգիպտացորենի ու կանաչ ոլոռի պահածոների հոլովակը, հավաստիացնելով, որ մանուկների մեծ մասի մոտ պարզապես կախվածություն է առաջացել հիշյալ պահածոների նկատմամբ:
Կարդացեք նաև
Ոլորտում տեղ գտած հիմնական խնդիրներից մեկը մասնագետները համարեցին գրագողությունը, հավաստիացնելով, որ շատ հեռուստաընկերություններ վերցնում են արտասահմանյան եւ հենց հայրենական որոշ գովազդների գաղափարը ու հարմարեցնում իրենց ապրանքին: Կամ ֆիլմերի ընթացքում հանկարծ առանց գովազդը ազդարարող «շապիկի» ցուցադրվում է 3-5 վրկ-անոց գովազդ:
Հարցին, թե այս դեպքում ո՞ւր է «նայում» ՀՌԱՀ-ը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ միայն ՀՌԱՀ-ը: Ես կավելացնեի այլ պատասխանատուների անուններ՝ Հակամենաշնորհային հանձնաժողով, քաղաքապետարանների արտաքին գովազդի պատասխանատու բաժիններ, ի վերջո՝ դատախազությունը, որը պարտավոր է արձանագրել օրենքի ցանկացած խախտում»: ՀԳԽ նախագահը հայտարարեց, թե Հայաստանում այդ թեմայով խոսելու դեմ տաբու է դրված: Ոչ մի հեռուստաընկերություն չի խոսի եւ թույլ չի տա իր եթերից խոսել խախտումների մասին՝ գովազդատուներին կորցնելու վտանգն աչքի առաջ ունենալով:
Կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրությանը՝ փաստորեն Հայաստանի գովազդային խորհուրդը մինչ օրս երբեւէ չի՞ աղաղակել խախտումների մասին, մեր զրուցակիցները հավաստիացրին, որ իրենք դիմել են ՀՌԱՀ, ԱԺ, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, որոնցից ստացել են պատասխան՝ եթե արձագանքեն ՀԳԽ-ի դիմումներին, ապա պիտի արգելվեն հայաստանյան գրեթե բոլոր գովազդները:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ