Այսուհետեւ լույս է տեսնելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արգելված գոտի» ամսագիրը:
Անդրանիկ համարն արդեն մեր ձեռքի տակ է: «Կարեւորելով դատապարտյալների արարքների եւ կենսակերպի, թե քրեակատարողական ծառայողների գործունեության մասին ճշգրիտ եւ ստուգված տեղեկատվության տրամադրումը, ակնկալում եմ նաեւ, որ շահագրգիռ ընթերցողներին հասցեագրված հրապարակումները կնպաստեն անկեղծ երկխոսության միջավայրի ձեւավորմանը»,- իր առաջաբան խոսքում գրել էր ՔԿՀ վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը:
«Արգելված գոտին» գունավոր է, ունի խորագրեր. «Ստեղծագործում են դատապարտյալները», «Աշխարհի բանտերը», «Մեր վետերանները», «Զարմանահրաշ պատմություններ»: Իսկ ամսագրի «Օպերատիվ» բաժնի լուրերը սկսվում են այսպես. «Կալանավորված կամ դատապարտված թմրասեր անձանց առաջարկում ենք լավ սերտել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը: Բացենք փակագծերը. թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը ազատազրկման կամ կալանքի ձեւով պատիժը կրելու կամ կալանավորվածներին պահելու վայրերում պատժվում է 5-10 տարվա ազատազրկման»: «Եղեք առողջ» խորագրի ներքո տրված էին բժշկական խորհուրդներ՝ թոքերի հիվանդության, ատամնացավի, վերքի, աչքի, գլխացավի…մասին: Նկատենք, որ տարիներ առաջ արդարադատության նախարարությունը փորձ արեց «Նժար» պարբերաթերթով անդրադառնալ դատապարտյալների հոգսերին եւ թերթը, ֆինանսական դժվարությունների հետ կապված՝ փակվեց:
Ամսագիրը վաճառքի ենթակա չէ:
Կարդացեք նաև
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ