Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքը, ՀՀԿ-ն եւ ազգային խաբկանքը

Մարտ 17,2012 13:28

Իմ ակնարկը նախընտրական է այնքանով, որքանով կապ ունի Ջավախքի հիմնահարցի հետ: Փոխարենը՝ այն բոլորովին կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող նախընտրական գործընթացների հետ, ավելին՝ բնավ նպատակ չունենք փնովելու կամ պաշտպանելու այս կամ այն կազմակերպությանն ու քաղաքական ուժին: Խնդիրը Ջավախքն է՝ իր անցած պատմական փոքր, բայց վճռորոշ հատվածով: Ինչ տեղի ունեցավ Ջավախքի եւ, ընդհանրապես, Վրաստանի պարագայում, հաշվետու ժամանակաընթացքում:

Հաշվետու ժամանակահատվածը ոչինչ չտվեց մեզ՝ Վրաստանում բռնազավթած եկեղեցիների վերադարձի մասով: Վարչապետի կողմից իր պաշտոնավարման սկզբնամասում Սբ. Նորաշեն այցը, նախագահի առջեւ հարցի բարձրացումը չունեցավ ընթացք, ավելին, հայկական կողմի անգործության եւ հարցին չտիրապետելու արդյունքում վրացական կողմը «բալանսավորեց» հարցը՝ ներկայացնելով նույնպիսի պահանջներ, որով եւ հարցը վերջնականորեն անցավ պատմության գիրկը: Վրաստանը օրենսդրական փոփոխություններով հնարավորություն տվեց մեզ  գրանցվելու որպես կրոնական կազմակերպություն, որով եւ տասնապատիկ բարձրացրեց իր միջազգային հեղինակությունը, սակայն օրենսդրական այս խաղը մեզ ոչինչ չտվեց: Վրաստանի իշխանությունները, մոլորակի երկրներից տարբերվելով, արգելեցին հայ ուսուցիչների վերապատրաստումը ՀՀ-ում, հայկական կողմը չկարողացավ ոչինչ անել: Վրացիները անխնայորեն վտարեցին դպրոցներից նվիրյալ ուսուցիչներին, հայկական կողմը չկարողացավ ոչինչ անել: Վրացիները կրճատեցին հայերենի դասաժամերը, հայկական կողմը չկարողացավ ոչինչ անել: Վրացիներն արգելեցին հայ գործիչների, պատգամավորի մուտքը Ջավախք, հայկական կողմը ոչինչ չկարողացավ անել: ՀՀԿ-ականներն անգամ մտահոգություն չհայտնեցին իրենց ցուցակով պատգամավոր դարձած, հետեւաբար՝ ավելի մոտ գործընկեր պատգամավորին հասցված վիրավորանքի կապակցությամբ, ինչը բազմիցս  արեցին ընդդիմադիր պատգամավորները: Վրացիներն ակտիվացրեցին հալածանքներն ու ձերբակալությունները ջավախահայ գործիչների շրջանում, հայկական կողմը ոչինչ չկարողացավ անել: Վրացիները (ԱՄՆ-ը) կառուցեցին ճանապարհներ Ջավախքում, ավաղ, ոչնչացվող հայկական գործոնն այստեղ չկարողացավ դիմակայել ահեղ թուրք-ադրբեջանականին, որը գրեթե շրջափակեց ՀՀ-ն, իսկ կործանարար ազդեցությունները դեռ առջեւում են: Հայկական կողմը չկարողացավ ոչինչ անել: Վրաստանը բացեց աշխարհի առաջ էներգետիկ դաշտը, ավաղ, ողջ Ջավախքով մեկ լցվեցին թուրքական ընկերությունները, որոնք այժմ Ջավախքի գետերն ամբողջովին վերածել են շինհրապարակի: Հայկական կողմը չկարողացավ ոչինչ անել: Վրաստանը բացեց աշխարհի բիզնեսմենների առաջ իր երկիրը, հարյուր եւ մեկ հայկական ընկերություններ (այդ թվում՝ եւ ՀՀԿ-ից, եւ ծնունդով Ջավախքից մի շարք գործարարներ) Ջավախքի վրայով վայրէջք կատարեցին Բաթում, իսկ գործող իշխանությունը՝ ՀՀԿ-ն, ոչինչ չարեց, որպիսի վերջիններս իրենց ներդրումների գոնե չնչին տոկոսը ճանապարհին թողնեին Ջավախքում:

ՀՀ ՊԵԿ-ի որոշմամբ մեկ տարի առաջ Ջավախքի վարորդների համար ՀՀ-ում մնալու օրեր սահմանվեցին (յուրաքանչյուր մուտքի եւ տարվա կտրվածքով): Այս խայտառակ որոշման կայացնողներն անգամ հաշվի չառան այն վարորդներին, որոնք հնարավոր տնտեսական կամ տուրիստական ներդրումներով էին զբաղվում ՀՀ-ում: Ջավախքի կապը Մայր պետության հետ հերթական անգամ թուլացավ: Այստեղ կարող է պարոն վարչապետն արդարանալ, ինչպես նրա պաշտոնյա Շ. Քոչարյանը, իբր, այլ պետության առանձին վարչամիավորների համար չենք կարող ընդունել առանձին որոշումներ: Իր պաշտոնավարման ողջ ընթացքում Տ. Սարգսյանն այդպես էլ չայցելեց Ջավախք: Այստեղ եւս Տ. Սարգսյանը կարող է արդարանալ՝ նշելով, որ այլ երկրի տարածք է, հրավեր է պետք: Միանգամից նշենք, որ Սահակաշվիլու վարչակարգը սկիզբ է առել ոչ թե 2007 կամ 2008թթ., այլ՝ 2003թ., իսկ ահա այդ ընթացքում Անդրանիկ Մարգարյանը ոչ թե մեկ անգամ, այլ՝ բազմիցս է եղել Ջավախքում: Նա էր, որ 2002թ. առաջին անգամ հարց բարձրացրեց Ջավախքում ՀՀ հյուպատոսության բացման մասին, նրա մոտ էին գալիս պարբերական այցերով եւ խորհրդատվություն, ինչու չէ՝ որոշ ցուցումներ ստանալու Սամցխե-Ջավախքի նահանգապետերը, նա էր, որ պատվում էր Ջավախքի ակտիվ երիտասարդներին (մի անգամ Վահագն Չախալյանը հպարտությամբ ցույց տվեց մի ժամացույց՝ Ա. Մարգարյանինն է), նրա առաջ ոչ մի սահման փակ չէր…

Շարունակում են Վրաստանի բանտերում մնալ հարյուրավոր այն ՀՀ քաղաքացիները, որոնց անձնագրերում պատահաբար եղել է ռուս-աբխազական սահմանային անցակետի կնիք, հայկական կողմը չկարողացավ ազատել այդ անմեղ մարդկանց: Շարունակվում է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից ՀՀ քաղաքացիության անձնագրերի զանգվածային տրամադրումը ջավախահայությանը, որն ունի եւ դրական, եւ բացասական կողմեր:

Նախկին ընտրությունների ժամանակ Երեւանում կազմակերպվեցին ջավախահայության զանգվածային հավաքներ, անգամ բուք ու բորանին Ջավախքից բերվեցին հազարավոր մարդիկ (զարմանալի էր, որ մի քանի ուսուցչի ՀՀ արգելած վրացական հատուկ մարմիններն այս անգամ հանդուրժեցին հազարավոր սեփական քաղաքացիների մուտքն այլ պետություն՝ այն էլ այլ պետության կուսակցության նախընտրական հավաքին մասնակցելու համար), որոնց դեմքերից դժվար չէր գուշակել, որ վերջիններս անգամ տեղյակ չեն, թե ո՞ւր են գնում, ի՞նչ են գոռում հարթակում կանգնածները: Արեցին. ջավախահայերի միլիոնավոր դոլարներ հոսեց նախընտրական շտաբներ, ջավախահայությունը համախմբվեց ոչ թե գաղափարի, այլ՝ ինքն էլ չհասկացավ, թե ում կամ ինչի շուրջ: Վերջապես մենք՝ ջավախահայերս, երբ ենք ունենալու գաղափարական համախմբվածություն, էլի՞ ՀՀԿ-ին միանալ, հանո՞ւն…

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031