Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստներն ու դաշնակցականները նույնպե՞ս հանրապետականներ են

Մարտ 17,2012 13:26

Դեռեւս հունվար ամսին «Առավոտն» ահազանգ էր ստացել Գյումրիի բժիշկներից այն մասին, որ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի գրասենյակի աշխատակից Յաշայի նախաձեռնությամբ ստիպողաբար հանրապետականացնում են այս քաղաքի բոլոր հիվանդանոցների տնօրեններին: Զավեշտալին այն էր, որ այդ նույն տնօրենները Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի օրոք խմբովի դաշնակցականացվել էին կամ պաշտոն էին ստացել դաշնակցական դառնալու դիմաց: Սակայն բուժհիմնարկների պաշտոնյաները մեզ հետ զրույցում կտրականապես հերքեցին իրենց՝ հանրապետական դառնալու փաստը՝ նշելով, թե դաշնակցականներից ինչ խեր տեսան, որ հիմա էլ հանրապետականացվեն: Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի Գյումրի կատարած այցի ժամանակ, լիովին հաստատվեցին մեր տեղեկությունները. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճի առաջին շարքերում որպես հանրապետականներ նստած էին մեր զրուցակիցները՝ Գյումրու մարզային հիվանդանոցի տնօրեն Սաթենիկ Բեբությանը, հոգեբուժարանի տնօրեն Նադեժդա Վարդանյանը եւ այլք: Վարչապետն էլ, ի դեպ, եկել էր իր կուսակիցների հետ խորհրդակցելու Հանրապետականի նախընտրական ծրագիրը կազմելու համար եւ նրանց հաճախակի էր դիմում՝ «Հարգելի ՀՀԿ-ականներ» արտահայտությամբ:

Երեկ «Առավոտը» Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ էին հիվանդանոցների տնօրենները հրավիրվել Գյումրիում անցկացված ՀՀԿ-ի նիստին, արդյոք նրանք հանրապետականնե՞ր են դարձել, ինչպես որ կարծում է վարչապետը:

«Ոչ, ոչ բոլորն էին հանրապետականներ, մենք հայտնել էինք, որ վարչապետն է գալու, ով որ ցանկություն է հայտնել, եկել-մասնակցել է, օրինակ՝ այդտեղ թե «Բարգավաճ»-ից մարդիկ կային, թե դաշնակցականներ: Իմ շարքում Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենը՝ Կուրղինյան Աշոտն էր նստած, դուք գիտեք, որ նա դաշնակցական է, բայց ո՞վ է այսքան ժամանակ նրա հավին քշա ասել: Մի բուռ ազգ ենք, ով ինչ կուսակցության կուզի, թող հարի, եթե մարդը որոշել է հանրապետական կամ դաշնակցական դառնալ, ամոթ չէ՞ ինձ թույլ տամ եւ ասեմ՝ ինչո՞ւ ես դու դաշնակցական դարձել, իսկ դու՝ հանրապետական, թող դառնան, մենակ թե մեր երկրին, հայրենիքին վնաս չտան: Ես ազատամիտ մարդ եմ, ազատ եմ վերաբերվում այդ հարցին ու առհասարակ չեմ սիրում ճնշել ոչ մեկին, ես ինքս չեմ էլ սիրում, երբ ինձ են ճնշում: Անհարմար եմ զգում ու ինձ թույլ չեմ տա նման բան անել: Ես ինքս կուսակցական չեմ, վաղուց եմ եղել կուսակցական՝ կոմունիստների օրոք»,- պարզաբանեց առողջապահության վարչության պետը: Ըստ մեր զրուցակցի՝ մի բուռ ազգի համար այսքան կուսակցություններն աբսուրդ են: «Եթե ինձ հարցնեն, կասեմ, որ մեզ ոչ մի կուսակցություն պետք չէ, թող կորչեն բոլոր կուսակցությունները, ամենաճիշտը ազգային գաղափարախոսության շուրջ համախմբվելն է: Մենք Բելգիա կամ Գերմանիա չենք, ոչ էլ Մերձբալթյան երկրներ, Հայաստանը աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում է, մեզ համախմբվել է պետք»,- կարծում է վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031