Հենց նոր Մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վեցերորդ համագումարը: Համագումարը տեղի է ունենում համալիրի մեծ դահլիճում: Ուղղակի նկատենք, որ նախորդ շաբաթ կայացած Հանրապետական կուսակցության համագումարն անցավ Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում:
ԲՀԿ համագումարին ներկա է մոտ յոթ հազար մարդ: Հրավիրված են միայն խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Մեր հարցին ի պատասխան ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք հրավերներն ուղարկել են միայն խորհրդարանական ուժերին, քանի որ ավանդաբար ԲՀԿ-ն այդպես է անցկացնում իր համագումարները: Արդեն իսկ ներկա են «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները: ՕԵԿ-ը ներկայացել է առաջին դեմքով:
Համագումարին մասնակցում է վերջերս ԲՀԿ-ի շարքերը համալրած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որն առայժմ հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել, «Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրեգեն Արսենյանը, որի կուսակցությունը ԲՀԿ-ի հետ համատեղ է մասնակցելու ԱԺ ընտրություններին, նախկին կոմունիստ Խորեն Թռչունի Սարգսյանը, ով Մարտունիում մեծամասնականով ընտրակարգով առաջադրվելու է ԲՀԿ կողմից:
Վերջին պահին համագումարին միացավ Հանրապետական կուսակցության եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը ներս մտավ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ