Իսկ դրա համար մեր երկրում գենդերային հավասարություն է պետք
«Էլ ի՞նչ հավասարություն, հենա, մարդուս հավասար աշխատում եմ, մի բան էլ ավելի: Մենակ տրակտոր չեմ քշում, բայց էդ էլ կանեմ, որ պետք լինի: Կին-տղամարդ հավասարությունը ո՞րն է, կնոջը դեռ մի բան էլ առավելություն պիտի տան: Էն, որ կինը տենց ցավերով երեխա է ծնում, մենակ էդ հերիք ա, որ կնոջը գոնե շուտ թոշակի ուղարկեն: Առաջ 5 երեխա ունեցող կնոջը մեդալ էին տալիս, բա հիմա՞: Մեր երկրում կրճատումների ժամանակ առաջինը կնոջն են գործից հանում: Որ ուզում ենք նոր աշխատանք գտնենք, ընտրություն էլ չկա: Մենակ սիրուն ոտքերով աղջիկները պահանջարկ ունեն»,- «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին, թե՝ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ ազատությունների մասին ինչ կարծիք ունեն, այսպես արձագանքեց տիկին Անահիտը, որը Մալաթիայի գյուղմթերքների շուկայում առեւտրով է զբաղվում: Մեր հարցի նպատակն էր պարզել, թե գյուղաբնակ կանայք ինչպես են վերաբերվում գենդերային հավասարությանը եւ առհասարակ ինչ գիտեն դրա մասին ու արդյոք կարողանո՞ւմ են իրենց իրավունքներն օգտագործել: Երբ մոտեցանք կարտոֆիլ վաճառող մարտունեցի մի կնոջ, նրա ամուսինը՝ իմանալով, որ խոսակցության թեման կարտոֆիլը չէ, բավականին ագրեսիվ տոնով իր տիկնոջը հրամայեց ոչ մի հարցի չպատասխանել:
Գյուղմթերքների առեւտրով զբաղվող մի կին էլ պարզապես դեմ էր կին-տղամարդ իրավահավասարությանը: Նրա կարծիքով՝ կինն իր տեղը պիտի իմանա. «Բայց եթե ընտանիքում փոխադարձ հարգանք լինի, էդ կինը լավ էլ ազատ ու ինքնուրույն կլինի»:
Այն, որ տղամարդն իրեն կնոջից առավել է դասում, մասնագետները պայմանավորում են դարերով եկած մարդկանց մտածելակերպով, որը փոխելու համար մի ամբողջ կրթական եւ դաստիարակչական համակարգ է պետք փոխել: Կրթության կառավարման մասնագետ, գենդեր եւ կրթական քաղաքականության դասախոս Նվարդ Մանասյանի մեկնաբանությամբ՝ ի սկզբանե տղամարդը կնոջն ասել է՝ ես քո կյանքի իրավունքը կերաշխավորեմ, փոխարենը դու ինձ կտաս կյանքի շարունակության հնարավորություն, այսինքն՝ ժառանգներ. «Պատմականորեն մենք մեր անձնական լինել-չլինելու հարցը դարձրել ենք երկրորդական: Ամբողջ պայքարն այն է, որ թույլ տան կնոջը՝ ինքը որոշի, թե ինչ է ուզում լինել, իր դերն ինքն ընտրի: Թողե՛ք ես իմ սեռը ձեւավորեմ, թողե՛ք իմ եսը լինի հավասար»: Տիկին Մանասյանի ներկայացմամբ՝ գենդերային խտրականությունը անուղղակի կերպով ձեւավորվում է դեռեւս երեխայի օրորոցից, դպրոցից մինչեւ շրջապատող միջավայրը: Այսինքն՝ այն, որ ծնողները աղջիկ երեխային տիկնիկ են տալիս՝ խաղալու համար, իսկ կոնստրուկտոր չեն տալիս, դրանով արդեն ուղղորդում եւ սահմանափակում են նրա ընտրելու իրավունքը. «Աղջիկը պետք է անպայման կոնստրուկտորով խաղա: Դա նրան հնարավորություն է տալիս ընտրելու, թե իրեն ինչ է ավելի շատ պետք կամ դուր գալիս»:
Իսկ մեր ընտանիքներում, հասարակությունում, ըստ Նվարդ Մանասյանի, երեխայի փոխարեն արդեն որոշում են, թե նա ինչ մասնագիտություն ընտրի. «Որոշում են, որ աղջիկը պետք է մանկավարժ կամ բժիշկ դառնա, որովհետեւ իբր թե դա կնոջ մասնագիտություն է: Իսկ ո՞վ է ասել, որ ֆիզիկան կնոջ մասնագիտություն չէ, կամ ձկնորսությունը բացառապես տղամարդու գործ է: Պետք է թույլ տալ՝ մարդն ինքն ընտրի, թե ինչով զբաղվի կամ ինչ դառնա»: Մասնագետի խոսքերով՝ օրինակ, այն, որ կանանց զբաղվածությունը ավելի շատ կրթական եւ սոցիալական ոլորտում է, հենց վերոնշյալի արդյունքն է: Իսկ խնդիրը արմատացած է ոչ միայն ընտանիքում, այլեւ նույնիսկ դպրոցներում, դասագրքերում, հեռուստատեսությունում. «Ինչո՞ւ պետք է մանկավարժը աղջիկ երեխային ասի, թե մաթեմատիկան տղամարդու առարկա է: Կամ գովազդներում, սերիալներում միայն կիսամերկ կին են ցույց տալիս, որը աղջիկների մոտ արդեն ձեւավորում է՝ թե ինքն ինչպիսին դառնա, որովհետեւ դրա պահանջը կա: Դա հստակ գենդերային խտրականություն է: Մեզ մոտ չկա, ասենք՝ լեռնագնաց կամ գիտական կնոջ կարծրատիպը: Մեզ մոտ կնոջ կարծրատիպը հետեւյալն է. 25-ից հետո՝ տունը մնացած, 40-ից հետո՝ դեպրեսիվ կին, 50-ից հետո՝ պառավ»: Մասնագետի ներկայացմամբ՝ սեռային հավասարության ձգտումը ոչ թե տղամարդ-կին ձեւավորումն է, ինչի մասին խոսում են տղամարդիկ, այլ՝ «Մարդկային տեսանկյունից հավասարություն, կոլեգաների միջեւ սեռային շփում չլինի, իրավահավասարությունը հարաբերությունների հավասարությունն է»: Իսկ նման իրավահավասարությունների հասնելու համար, մասնագետի վստահեցմամբ՝ նախ մտածելակերպն է պետք փոխել, իսկ պետությունն էլ պետք է իր ազդակները թողնի՝ սկսած դասագրքերից մինչեւ մեդիադաշտ: Իսկ ամենակարեւոր հանգամանքը, ըստ Ն. Մանասյանի, հետեւյալն է. «Գաղափարներն է պետք փոխել: Մեր նորմատիվները շատ հին են, օրինակ՝ կարմիր խնձորը նորմատիվ է, բայց օրենք չկա, որ կինը պետք է սեռական հարաբերություն չունենա ամուսնանալուց առաջ: Նման լիքը նորմատիվներ ներդաշնակ չեն օրենսդրական դաշտին: Սահմանափակում ենք կնոջ՝ առանց ամուսին ունենալու մայր լինելու իրավունքը, դատապարտում նման կանանց, եւ նման այլ նորմեր եւս սահմանափակում են կնոջ ընտրության իրավունքը»:
Մեզ հետ զրուցած կանայք, անկախ կրթությունից եւ գրաված դիրքից, այն կարծիքին են, որ բոլոր պետական ոլորտներում կանանց ներգրավվածությունը, հատկապես օրենսդիր մարմնում, պետք է հավասար լինի, քանի որ, ըստ նրանց, կանայք կարող են տղամարդկանցից ոչ պակաս փայլուն գաղափարներ ունենալ, նաեւ խաղաղություն մտցնելու ձիրք ունեն: Իսկ տիկին Մանասյանն էլ այս առնչությամբ հետեւյալն ասաց. «Մեր պառլամենտում տեստոստերոնը պակասեցնելու անհրաժեշտություն կա, որպեսզի երկխոսություն ստեղծվի: Այո, եթե պետական ոլորտներում հավասար ներգրավվածություն լինի, կինը խաղաղեցնելու դեր կստանձնի: Նույնիսկ բանավիճելու ակումբներ չկան, որովհետեւ տղամարդն ասում է՝ ես ճիշտ եմ եւ վերջ, ի՞նչ բանավիճել»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ