Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրական իրավունքները խախտողները պետք է պատժվեն

Մարտ 17,2012 13:08

Սույն թվականի մարտի  16-ին ՀՀ Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որով տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հրավիրել է մասնակցել կլոր սեղան-քննարկման: Մենք միշտ ողջունել ենք համագործակցությունը ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ պետական ատյանների հետ, եթե այդ երկխոսության հիմքում դրված է հարգանքը ՀՀ Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների ու ազատություննների հանդեպ:

Մենք գտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մարտի 14-ին, ժամը 21.30-ին ծրագրված և կազմակերպված կերպով իրականացված իր պատժիչ գործողությամբ գործել է ոչ իրավաչափ և, բիրտ ուժ կիրառելով, խախտել է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս սահմանադրական իրավունքները: Այդ իրավախախտումների մասին մանրամասն տեղեկացվել են ՀՀ բոլոր պատկան մարմինները: Մենք համոզված ենք, որ ՀՀ Սահմանադրության խախտումը բանակցությունների ենթակա չէ և պահանջում ենք անհրաժեշտ կամք դրսևորել պատասխանատվության ենթարկելու բռնարարքի հրաման տվողներին ու կատարողներին:

ՀՀ ոստիկանության կողմից իրավունքի գերկայությունն իր գործողությունների հիմքում հաստատելուց հետո մենք պատրաստ ենք միասին քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև` միասնական ուժերով հանրային տարածքը և սեփականությունը, մեր ազգային հարստությունը պաշտպանելու և անօրինական յուրացումը թույլ չտալու հարցերը: Հայտնում ենք նաև, որ Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիները կողմ են, որ նման քննարկումներն անցակացվեն այնպիսի ձևաչափով, որտեղ մուտքը կլինի ազատ, կարող են ներկա գտնվել ԶԼՄ-ների ներկայացուցիչները և ամեն ինչ կլինի թափանցիկ, բաց և հաշվետու:

Այսօր մենք չենք մասնակցելու Ոստիկանությունում կազմակերպված քննարկմանը և որևէ մեկին չենք լիազորում հանդես գալու մեր նախաձեռնությունների, կազմակերպությունների և Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիների անունից:

Մենք վճռական ենք վերականգնելու մեր քաղաքացիական իրավունքներն ու իրավունքի գերակայությունը` հիմնված բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա:

 

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակցիներ

Ինքնորոշված քաղաքացիների նախաձեռնություն-շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031