Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատները» մտավ ակտիվ քաղաքական փուլ

Մարտ 17,2012 12:53

Երեկ համագումարում այդ մասին ազդարարեց կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը

Երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության 2-րդ՝ արտահերթ համագումարում էլ, որի լեյտմոտիվն առաջիկա խորհրդարանական ընտրություններն էին, չտրվեց առավելապես լրագրողներիս ու նաեւ քաղաքական դաշտին հետաքրքրող հարցի պատասխանը՝ հիմա ազատ դեմոկրատներն ու ժառանգականները նախընտրական դաշինքո՞վ են գնում ընտրությունների, թե՞ «հոգով» միասին, բայց՝ առանձին-առանձին: Պատահական չէր, որ համագումարից հետո «Ազատ դեմոկրատների» ղեկավար կազմի հետ բրիֆինգի ժամանակ լրագրողների հարցերի առյուծի բաժինը տարբեր ձեւակերպումներով, բայց վերաբերում էր հենց այս հարցին: Մի բան, սակայն, հստակ է ու ակնհայտ՝ եւ «Ազատ դեմոկրատները», եւ «Ժառանգությունն» իրենց որոշումները հրապարակելու են մինչեւ մարտի 22-ը, որովհետեւ դա ԿԸՀ-ում քաղաքական ուժերի առաջադրման վերջնաժամկետն է:

Իսկ կուսակցության համագումարն իրենց ներկայությամբ հարգել էին ՀՅԴ, «Նոր ժամանակներ», նաեւ ՀԱԿ-ին մաս կազմող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Հանրապետություն», «Ժողովրդավարական Հայրենիք» ու Պահպանողական կուսակցությունների առաջնորդներն ու ղեկավար մարմնի ներկայացուցիչները: Իշխանական կոալիցիան ներկայացնող ուժերը համագումարին չէին հրավիրվել, որովհետեւ «Ազատ դեմոկրատները» նախընտրել էր իրենց համագումարում տեսնել քաղաքական այն ուժերին, որոնք «չեն խոչընդոտում Հայաստանի ժողովրդավարացման ընթացքը»: Չերեւացին նաեւ մանր-մունր կուսակցություններից որեւէ մեկի ներկայացուցիչները, չկար նաեւ ՀՀՇ-ն, որովհետեւ չէին հրավիրել, քանի որ, ինչպես ազատ դեմոկրատ, իսկ նախկինում ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ավելի ուշ բացատրեց՝ «ՀՀՇ-ից ում պետք է հրավիրեինք՝ այստեղ են»: Փոխարենը ներկա էին անկուսակցական քաղաքական գործիչներ՝ ի դեմս Աշոտ Մանուչարյանի, Հմայակ Հովհաննիսյանի եւ այլոց:

Ինչ վերաբերում է համագումարին, ապա այն անցավ բավականին բուռն ելույթների մթնոլորտում եւ դահլիճում տեղ չլինելու պատճառով ոտքի վրա մնացած մասնակիցների պայմաններում: Նախ՝ համագումարին ողջույնի խոսք ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որի ելույթից պարզ դարձավ, որ այս երկու կուսակցությունները հեռանկարում ընդհանուր համագործակցության եզրեր ունեն: Նա կարեւորեց իշխանությունների վերարտադրությունը կանխելուն ուղղված քաղաքական ուժերի ջանքերի համատեղումն ու ողջունեց «Ազատ դեմոկրատների» ակտիվ մասնակցությունը ՀՅԴ-ի ու «Ժառանգության»՝ ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու օրենսդրական նախաձեռնության հետ կապված գործընթացները, նաեւ հավելեց, թե երկու կուսակցություններն էլ համակարծիք են եւ անհրաժեշտ են համարում Հայաստանի պետական կառավարման համակարգի փոփոխությունը՝ նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցնելը, որը, Արմեն Ռուստամյանի մատուցմամբ, ՀՅԴ-ն նույնպես այս ընտրությունների ընթացքում լայնորեն պաշտպանելու է:

«Մենք իսկապես տեսնում ենք բազմաթիվ լուրջ առաջարկներ եւ խնդիրներ, որոնք կարող ենք միասին իրականացնել, եւ ես վստահ եմ, որ համախմբված կարող ենք մեր երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից եւ իսկապես ունենալ մեր երազած Հայաստանը»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Համագումարում ելույթ ունեցավ նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որին ներկաները ջերմորեն դիմավորեցին եւ տեղ-տեղ ծափահարություններով ընդհատեցին նրա ելույթը: Իսկ Հովհաննիսյանն ասաց, թե «Ազատ դեմոկրատներն» իր երկրորդ համագումարն է գումարում, «բայց իր առանցքով, արժեքներով, չափանիշներով, հին եւ նոր սերունդներով կանգնած է Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության ակունքներում», որ նրանց մեջ «որպես անհատներ ու որպես հավաքական ուժ, փորձառություն ունեցողների՝ տեսնում է պետության ինքնիշխանության, ազատության եւ ազգային շահի գիտակցում ունեցող հզոր ուժ, որը մշտապես կատարելագործման ընթացքում է, չի վախենում սխալներ ընդունելուց եւ ուղղելուց», եւ որ այս արժանիքներն են, որոնց համար «Ժառանգությունը» տեսնում է այդ ուժի հետ միասին գործելու այսօրն ու հետագան. «Միասնական ճակատը վաղուց է մեկնարկել, եւ ես վստահ եմ, որ հաղթահարելով ընթացակարգային ձեւաչափերի, ձեւակերպումների պահը՝ մենք այնպիսի բովանդակային այլընտրանք ենք ներկայացնելու մեր ժողովրդին, որ հենց այս ուժերի միավորումը մայիսի 6-ին եւ դրան հաջորդող օրը նոր արշալույս է բերելու Հայաստանին եւ նոր բովանդակություն՝ մեր գործին: Եվ մենք բերելու ենք միասին, մենք այդքան կամք ունենք, մեզնից վեր է մեր երկրի ինքնիշխանությունը, շահը, ազատությունը, այս սերնդի ապագան, եւ հանուն հանրապետության մենք սարեր ենք շարժելու եւ՝ միասին»:

Ուշագրավ էր նաեւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանի ելույթը, որի առանձին մի հատված ներկաները ծափողջույններով ընդունեցին: Համագումարը ողջունելուց զատ՝ նա նաեւ մի քանի բարեմաղթանքներ հնչեցրեց ազատ դեմոկրատներին. «Առաջինն այն է, որ «Ազատ դեմոկրատներն» իրենով ճամփա հարթի, որպեսզի Հայաստանում վերջապես դասական իմաստով քաղաքական կազմակերպություն ծնվի, ինչը չի հաջողվել, այդ թվում նաեւ մեզ՝ պահպանողականներիս, մեր պետականության 20 տարում»: Իսկ դասական իմաստով կուսակցություն ասվածը, ըստ բանախոսի, «ընկալելի է միայն այն դեպքում, երբ արված է քաղաքակրթական ընտրանքը»: Նա ասաց, թե անհամբեր սպասում է այն ազդեցիկ քաղաքական ուժի ծննդին, որն «առանց ռեալ-պոլիտիկի աճուկների ետեւում թաքնվելու, առանց ծեքծեքումների կհայտարարի, որ մեր պետականության կայացման խոչընդոտը ռուսական իմպերիալիզմն է, որ մեր պետականության կայացման առաջին քայլը ռուսական գաղութատիրությունից ազատագրումն է, որ մեր անվտանգության ու զարգացման խոչընդոտը ՀԱՊԿ-ի պես փտած ու տոտալ ժանդարմի գործառույթներ ունեցող կառույցն է, որ մեր քաղաքական մշակույթի անկատարությունը ԱՊՀ կոչված անախրոնիզմն է, որ մեր պետության անվտանգության հուսալի երաշխիքը մեզ իսկապես հարազատ արեւմտյան քաղաքակրթությունն է՝ իր անվտանգության համակարգ ՆԱՏՕ-ով: Քանի դեռ Հայաստանում են գտնվում 1920թ.-ից այստեղ մտած ու այդպես էլ դուրս չեկող ռուսական օկուպացիոն զորքերը, որոնց ռազմաբազա անվանելով՝ որպես ձրիակերների դեռ պատրաստվում ենք պահել եւս 49 տարի, ապա մետրոպոլիայի օրինակով Հայաստանում եւս մշտապես լինելու են ընտրական համակարգի ձեւախեղումը, ժողովրդավարության լլկումը, թերուսների տոտալ գավառակրատիան, կոռուպցիոն համակարգը, որքան էլ որ թութակի պես կրկնենք, թե համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ»:

Հայրապետյանն ասաց, թե «Ազատ դեմոկրատները» հույս է ներշնչում, որ «ապագաղութատիրական պայքարում»՝ ի դեմս այդ կուսակցության, «ունենալու ենք զորեղ դաշնակից, եւ Հայաստանում եւս, ինչպես հարեւան Վրաստանում, օկուպացիոն բանակին նվիրված հուշարձանները փոխարինվելու են Ազատության, Հավասարության, Եղբայրության կոթողներով»: Մաղթեց, որ կուսակցությանը «հաջողվի վերջապես բացել ԿԳԲ-ի արխիվները եւ քաղաքական հետապնդումների մասնակիցներին հեռու պահել մեր պետության նավի ղեկից», ու նաեւ հավելեց՝ «այսպիսի աշխարհընկալման եւ ձեռնարկումների պարագայում իր համեստ ուժով Պահպանողական կուսակցությունը կլինի «Ազատ դեմոկրատների» ջերմեռանդ դաշնակիցը»:

Ելույթ ունեցավ նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, որն ազդարարեց կուսակցության ստեղծումից եւ հիմնադիր համագումարից հետո «մեր ակտիվ քաղաքական գործունեության՝ արդեն որակապես նոր փուլ մտնելու պաշտոնական մեկնարկը»: Նա անդրադարձավ կուսակցության ստեղծման շարժառիթներին, խոսեց նաեւ Հայաստանում տնտեսության ոլորտում, արդարադատության համակարգում առկա վիճակի մասին՝ ասելով, թե կուսակցության ստեղծման հիմքում դրվել է անհատի գերակայության սկզբունքը, որ «ժողովրդավարությունը ոչինչ է առանց մարդու ազատության, ու ազատությունը բացարձակ արժեք է, ինչպես մարդու կյանքը», որ միայն ազատ Հայաստանը կարող է ապահովել իր քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը: Ներկայացվեց նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցության որդեգրած հիմնական սկզբունքներն ու գերակայությունները, որոնք արձանագրված են նաեւ համագումարի ընդունված բանաձեւում, որն ամբողջությամբ, ինչպես նաեւ Խ. Քոքոբելյանի ելույթը կարող եք կարդալ Aravot.am կայքում:

Ի դեպ, համագումարն իր ամփոփիչ բանաձեւում լիազորեց կուսակցության վարչությանը՝ որոշելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափը: Ինչ վերաբերում է այդ ձեւաչափին, ապա համագումարից հետո հրավիրված բրիֆինգի ժամանակ կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանն ասաց, թե երկու կուսակցությունների նախընտրական դաշինքի վերաբերյալ որոշումը ձգձգվում է բացառապես տեխնիկական խնդիրների պատճառով, որ սկզբունքորեն որեւէ այլ հարց դրան չի խոչընդոտում՝ միաժամանակ չբացառելով, որ դաշինքը կարող է եւ չկայանալ, եթե… «Ոչինչ չեմ ուզում բացառել, բայց ասեմ, որ 99 տոկոսով խնդիրը լուծված է, եթե ինչ-որ նոր միջուկային պատերազմ չլինի, հավատացած եղեք, որ այս գործընթացն իր տրամաբանական հանգրվանին կհասնի»: Խոսելով դաշինքի ձեւավորման դեպքում համամասնական ցուցակի դասավորվածության մասին՝ Խաչատուր Քոքոբելյանն այն չկարեւորեց, նաեւ հայտարարեց, թե ինքն ու իր կուսակիցները կարծում են, որ ճիշտ կլինի, եթե համամասնական ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, որ այդ ցուցակում ընդգրկված լինեն ոչ միայն քաղաքական, այլեւ հասարակական գործիչներ, որոնք ոչ պակաս ներդրում ունեն քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031