Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացած մարդկանց դավանանքը

Մարտ 17,2012 12:33

Ինչպես եւ սպասվում էր, «Ազատ դեմոկրատներն» առաջիկա խորհրդարանական ընտրությունների է գնալու «Ժառանգության» հետ դաշինքով: Դա ողջունելի է երկու տեսակետից: Նախ՝ որքան քիչ լինեն ընտրություններին մասնակցող կուսակցությունները, այնքան լավ. կուսակցությունների առատությունն ավելորդ ինֆորմացիոն աղմուկ է ստեղծում: Երկրորդ՝ քաղաքական ուժերը, որոնք շեշտում են գաղափարական ընդհանրությունները, գերադասելի են այն ուժերից, որոնք միավորվում են անհասկանալի եւ անիրագործելի դրդապատճառներով:

«Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» գաղափարախոսությունն ազատականությունն է, որը, անկեղծ լինենք, թե քաղաքական, թե տնտեսական եւ կենցաղային մակարդակներում Հայաստանում ամենամեծ ժողովրդականությունը վայելող հոսանքը չէ: Բայց մեր երկրում պոպուլյար չէ նաեւ դասական երաժշտությունը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այն վատն է: Տնտեսական ոլորտում ազատականության բացասական ընկալման պատճառը մասամբ այն է, որ անցած 20 տարիների ընթացքում բազմաթիվ դառը խոսքեր են ասվել «վայրի լիբերալիզմի», «թալան-սեփականաշնորհման» եւ նման այլ բաների մասին: Իմ հասակակիցների մեծ մասը այժմ էլ վստահ է, որ եթե, ասենք, գործարանները մնային պետական, դրանք այսօր կշարունակեին մրցունակ արտադրանք տալ, եւ այնտեղ հիմա կաշխատեին հազարավոր մարդիկ: Մինչեւ 98 թվականը այդպես էր ասում ընդդիմությունը՝ մարդկանց, հիմնականում՝ լյումպենացված զանգվածի սիրտը շահելու համար, իսկ 98-ից հետո՝ նաեւ իշխանությունը՝ նույն նպատակով եւ «նախկիններին» փնովելու համար: Հատկանշական է, որ այսօր նախկին լիբերալների մեծ մասն իր ճառերում խուսափում է այդ բառից, քանի որ հիմա նրանք ընդդիմադիր են եւ չեն ուզում ընտրազանգվածի մոտ տհաճ հիշողություններ արթնացնել:

Բայց իրավիճակը ամբողջությամբ պայմանավորել միայն քաղաքական ուժերի «հակաազատական» քարոզչությամբ՝ սխալ կլինի: Որովհետեւ մեր հասարակության մեջ լիբերալ մտածելակերպով մարդիկ ընդհանրապես փոքրամասնություն են կազմում: Իսկ քաղաքական ուժերը, բնականաբար, մեր հասարակության անբաժանելի մասն են: Հատկապես այս՝ նախընտրական շրջանում մեր հիմնական կուսակցությունների գերիշխող «գաղափարախոսությունը» (եթե այդպես կարելի է ասել) պարանոյան է, երբ ամեն մի բառի տակ նրանք փնտրում են համաշխարհային դավադրություն եւ մութ ուժերի պատվեր ու բացի քաղցրահամ գովաբանություններից՝ ընդհանրապես պատրաստ չեն որեւէ բան լսել: Հետաքրքիր է, որ այդ ֆոնի վրա նախկինում՝ 90-ականներին, ծայրահեղ ագրեսիվ («մարդ սպաննա՞ծ ես») Դաշնակցությունն այսօր բավականին լայնախոհ է երեւում:

«Ազատ դեմոկրատները» եւ «Ժառանգությունը» ուղղակիորեն հայտարարում են իրենց ազատականության մասին, որը, կրկնեմ, այսօրվա Հայաստանում փոքրամասնության գաղափարախոսություն է: Ինչո՞ւ: Հիմնական պատճառն այն է, որ ազատական (բոլոր իմաստներով) կարող են լինել կայացած մարդիկ: Իսկ այդպիսի մարդիկ մեր երկրում առայժմ շատ չեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031