Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՆՈՆ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐՍ

Մարտ 17,2012 12:24

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ երկրորդ

 Չնայած գրագետներն ու մանավանդ գրականագետները մշտապես պնդում են թե՝ պատմվածքը, վիպակն ու վեպը զուտ ծավալային հասկացություններ չեն, այդուհանդերձ, նույն էդ գրագետներն ու գրականագետներն էդ փոքրածավալ արձակ շարադրանքները պատմվածք են անվանում, լավագույն դեպքում՝ նովել, եւ եթե արձակ շարադրանքը հիսուն էջից անցնում է, արդեն վիպակ են անվանում, եւ եթե հեղինակին չի հաջողվում իր երեւակայության արձակ դրսեւորումը գոնե երկու հարյուր էջում պարփակել, էդ արդեն վեպ է համարվում՝ ընթերցողների, գրագետների եւ նույնիսկ գրականագետների կողմից, մինչդեռ վեպն ինչքան էլ շարունակվի, վեպ է մնում եւ այլ բան չի դառնում. էնպես որ, ինչքան էլ էս վեպս չավարտեմ ու շարունակեմ, էս գրածս վեպ է մնալու ու հանդիսանալու, բայց, այսուհանդերձ, էականը ոչ թե վեպ կոչվածի ժանրային առանձնահատկությունն է, այլ՝ շարունակականությունը, եւ ես շարունակում եմ մնալ էն կարծիքին, որ վեպն ավարտելն ավելի անբնական գործողություն է, քան՝ շարունակելը, եւ գրողն իր վեպն ավարտելով՝ ինքնասպանություն ու սպանություն հիշեցնող գործողություն է կատարում, բայց, բարեբախտաբար, գրականությունն ինչքան էլ որոշ գրողների ու գրագետների համար կարեւոր լինի, ընդամենը կյանքի հայելին է՝ հիմնականում ծուռ եւ բացառիկ դեպքերում՝ համեմատաբար շիտակ, եւ փառք Աստծո, որ վեպերի  ավարտից հետո կյանքը չի ավարտվում. այսինքն, հրաշալի է, որ կյանքի ավարտը ոչ թե գրողներն են ազդարարում, այլ՝ Աստված, եւ նմանապես հրաշալի է, որ գրողներն ու մարդիկ ոչ միայն ուրիշների ապրելու ժամկետներն ու սահմանները չեն տնօրինում ու որոշում, այլեւ՝ իրենց սեփական կյանքինն էլ, հակառակ դեպքում՝ ինքնասպանները հազարապատիկ ավելի կլինեին, քան՝ իրականում կան, եւ եթե հաշվի առնենք, որ  մարդ արարածը բացառապես աննորմալ ու հոգեկան անհավասարակշիռ վիճակում է ինքնասպանության դիմում, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ մարդ արարածը բացառապես աննորմալ ու հոգեկան անհավասարակշիռ վիճակում է մարդասպան դառնում, պիտի համաձայնության գանք, որ միանգամայն նորմալ ու հավասարակշռված մարդն ի վիճակի չի ձեռք բարձրացնել ոչ միայն իր, այլեւ ուրիշների վրա, եւ եթե որոշ մարդկանց մոտ էդ տեսակ շեղումներ պատահում են, Աստծո ու կյանքի ճանապարհից դուրս են պատահում, որովհետեւ մարդ արարածն Աստծո որոշմամբ ու Աստծո ձեռամբ արարվելով՝ ժամանակ առ ժամանակ Աստծո ու կյանքի ճանապարհից շեղվում եւ սատանայի ոլորաններում ու լաբիրինթոսներում է հայտնվում, եւ էս ասածս յուրաքանչյուրիս հետ կարող է պատահել, եւ շատերիս հետ ժամանակ առ ժամանակ պատահել ու պատահում է, բայց, ցավոք սրտի, մեր շարքերում պատահում են նաեւ էնպիսիք, որոնք մշտապես են հոգեկան անհավասարակշիռ վիճակներում գտնվում, այսինքն՝ մշտապես սատանայի իշխանության տակ են ապրում ու գոյատեւում, շնչում ու արտաշնչում, խոսում ու գործում, եւ երբ սրանց բերանները բացվում են՝ գյուռ-գյուռ հայհոյանքներ են հորդում մարդկերանց գլխներին, եւ երբ սրանց ձեռքերը բարձրանում են՝ արդյունքում մարդիկ են սպանվում ու զոհվում, եւ լավագույն դեպքում սրանք անձամբ իրենց վրա են ձեռք բարձրացնում՝ իրենք իրենց զոհելով ու սպանելով, եւ չնայած էս տարբերակը  լավագույն դեպք եմ համարում, իրականում էս էլ է վատագույն դեպք, որովհետեւ երկու դեպքում էլ սպանողն Աստծո պարգեւն է գողանում ու հափշտակում, եւ ավելորդ եմ համարում ասել, որ դրա իրավունքը որեւէ մեկս չունի, մինչդեռ սատանայի իշխանության տակ մտածներն իրենց իրավունքները սատանայի հորդորներով բազմացնելով՝ աջուձախ անում են բաներ, որոնց իրավունքը ոչ միայն Աստծուց, այլեւ մարդկանցից էլ չեն ստացել, այլ միայն՝ սատանայից, ում իշխանության տակ ապրում ու գոյատեւում են՝ այլոց ու լավագույն դեպքում իրենց իսկ կյանքը կրճատելով ու պակասեցնելով, եւ էս ասածս հիմնականում վերաբերում է նրանց՝ ովքեր մշտապես են սատանայի իշխանության ու լծի տակ գտնվում, եւ սրանք հասարակության գլխին կախված մշտական պատիժ ու չարիք են, իսկ ինչ վերաբերում է մյուսներիս, դժվարանում եմ ասել թե՝ մյուսներս  սրբեր ենք, որովհետեւ ժամանակ առ ժամանակ մյուսներս էլ ենք սատանայի իշխանության ու գայթակղությունների մեջ հայտնվում, եւ եթե ասեմ, որ արդյունքը գրեթե նույնն է լինում, ամենեւին  չզարմանաք, որովհետեւ չարի իշխանության տակ ժամանակավորապես հայտնվածներս երբեմն ավելի լուրջ ու ավելի մեծ մեղքեր ենք գործում, քան նույնիսկ՝ չարի մշտական իշխանության տակ գտնվողները, որովհետեւ չարի մշտական իշխանության տակ գտնվողները չարի մշտական իշխանության տակ գտնվելով եւ իրենց ասածներն ու արածները մշտապես գիտակցելով՝ ժամանակ առ ժամանակ բարու դիմակի տակ թաքնվում եւ կեղծ բարեպաշտությամբ ու բարեգործությամբ են հանդես գալիս՝ շատերին զարմացնելով ու մոլորեցնելով, մինչդեռ հոգեկան հավասարակշռությունը ժամանակավորապես կորցրածներս մեր հավասարակշռությունը կորցրած պահերին անում ենք բաներ, որոնք հետո ոչ մի կերպ չենք կարողանում բացատրել ու հիմնավորել, բայց էս ասածս դեռեւս չի նշանակում թե՝ հոգեկան հավասարակշռությունը ժամանակավորապես կորցնողներս մարդկանց ու հասարակության համար ավելի վտանգավոր ենք, քան՝ չարի իշխանության տակ  մշտապես գտնվողները, եւ ոչ էլ հակառակն է նշանակում. պարզապես ասածս էն է, որ բոլոր մահկանացուներս էլ ի վիճակի ու ի զորու ենք կատարել բաներ, որոնք ոչ միայն մեզ պատիվ չեն բերում, այլեւ մարդկանց ու հասարակությանը որեւէ օգուտ չեն տալիս. ավելին. մահկանացուներս հանկարծակի հոգեկան անհավասարակշռության մեջ հայտնվելով՝ ոչ միայն իրար դեմ ենք անկանխատեսելի գործողություններ կատարում, այլեւ՝ ինքներս մեր դեմ, եւ միայն մեր արած էդ անակնկալ գործողությունների արդյունքը տեսնելուց ու հասկանալուց հետո ենք մեր արածի վտանգավորությունն ու ահավորությունը զգում ու հասկանում. այսինքն, բնության ու իրականության մեջ անշառ ու անվտանգ մահկանացու գոյություն չունի, եւ խոսքս հիմնականում վերաբերում է Աստծո ձեռամբ արարված ասուններին, այլ ոչ թե՝ անասուններին, եւ չնայած, ըստ ամենայնի, Աստծո ստեղծած անասուններն էլ առանձնապես անշառ ու անվնաս չեն, այդուհանդերձ, ես հակված եմ կարծել, որ Աստված ջրհեղեղի որոշումը կայացրեց հատկապես ասուններից հիասթափվելով, այլ ոչ թե անասուններից, եւ չնայած Նոյի դրական արժանիքները հաշվի առնելով՝ տապանի շինարարության հնարավորությունն անձամբ Նոյին ընձեռեց, եւ չնայած Նոյի արժանիքների շնորհիվ նաեւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների մեկական տեսակ փրկվեց, այդուհանդերձ, Աստված ջրհեղեղի որոշումը մարդկանց պատժելու համար կայացրեց, այլ ոչ թե՝ կենդանիների ու անասունների, որովհետեւ Աստված վեց օրվա ընթացքում աշխարհն արարելով՝ հույսն Ադամի, Եվայի ու նրանց շառավիղների հետ էր կապել, այլ ոչ թե՝ կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչների, որովհետեւ Աստված աշխարհն ու ամեն ինչ մի շաբաթվա մեջ ստեղծելով՝ մարդկանց ոչ միայն խոսելու իրավունք ու հնարավորություն տվեց, այլեւ՝ խորհելու ու մտածելու, ինչպես նաեւ՝ գործելու հնարավորություն, ավելի ճիշտ՝ մտածված գործելու հնարավորություն, բայց մենք եւ նույնիսկ  մեզանից լավագույնները գործում ենք հատկապես էն դեպքերում՝ երբ չենք մտածում, եւ, ընդհակառակը, չենք գործում հատկապես էն դեպքերում՝ երբ մտածում ենք, եւ չնայած հակառակն էլ է պատահում՝ այսինքն, մտածելու ու գործելու, իմա՝  մտածված գործելու դեպքեր էլ են պատահում, այդուհանդերձ, դրանք հազվագյուտ իրադարձություններ են, եւ դրանց հեղինակներն էլ են հազվագյուտ, եւ դրանք, անխոս, մեջներիս լավագույններն են, եւ չնայած մեջներիս լավագույնները քանակով չափազանց քիչ են, նրանց արածը  չափազանց երեւելի ու չափազանց ակնհայտ է, եւ մտածված գործելու, մտածված աշխատելու ու մտածված ապրելու դեպքերը հիմնականում հանճարների մոտ են պատահում ու տեղի ունենում, եւ քանի որ  էդպիսի դեպքերը բացառիկ ու հազվագյուտ են, հանճարներն էլ են բացառիկ ու չափազանց քիչ, բայց, այդուհանդերձ, նույնիսկ հանճարների մոտ մտածված գործելու ու մտածված արարելու դեպքերն առանձնապես հաճախ չեն պատահում, եւ նույնիսկ չոբանահաշվարկով կարող ենք համոզվել, որ հանճարները քանակով ավելի շատ են, քան՝ նրանց ստեղծած հրաշքներն ու հրաշալիքները, ու էդ է պատճառը, որ էսքան շատ հանճարների առկայության դեպքում, մեր Գրողների  միության անդամներին էլ չհաշված, հրաշալիքներն ընդամենը յոթն են, չնայած, մեր մեջ ասած, ցանկության դեպքում էդ յոթը կարելի էր յոթանասունի էլ հասցնել, եւ մեր ցանկության ու կամեցողության պարագայում գրողների ստեղծած հրաշալիքներն էլ էդ ցուցակը փառահեղորեն կհամալրեին՝ Շեքսպիրը, Նարեկացին ու էլի շատ ուրիշներ, կամ, ասենք, «Կարամազով եղբայրները», «Դոն Կիխոտն»  ու էլի ուրիշ գրական ու գեղարվեստական հրաշալիքներ, բայց հրաշալիքների քանակությունն ընդամենը յոթով սահմանափակելով՝ մարդկությունը երեւի արդարացիորեն  կարծում է, որ ավելի լավ է էդ հրաշալիքները թվով յոթը լինեն ու մնան, քան թե էդ թեմայով ու էդ ուղղությամբ անցանկալի բազար բացվի, որովհետեւ բազարի ու քվեարկության դեպքում այլ արժանի հրաշալիքներ էլ հաստատ կունենանք, բայց հնարավոր է նաեւ՝ էդ յոթին  գումարվեն նաեւ էնպիսիք, որոնք ամենեւին էլ հրաշալիք չեն. այսինքն, ավելի լավ է մի քանի եւ նույնիսկ մի քանի տասնյակ հրաշալիքներ հրաշալիքի լիցենզիա չստանան, քան՝ էդ հրաշալիքների ցանկում հայտնվեն էնպիսիք, որոնք ոչ միայն հրաշալիք չեն, այլեւ մարդ արարածի մտածված գործողության ու գործունեության արդյունք էլ չեն, եւ մեր ամենավերջին քվեարկությունները վկայում են, որ հենց էդպես էլ կլինի, որովհետեւ եթե մեր ամենավերջին քվեարկությամբ մենք հասարակությանն ու ինքներս մեզ համոզելով հավատացրինք թե՝ բոլոր ժամանակների մեծագույն հայը Գարեգին Նժդեհն է, եւ եթե ռուսներն էլ համեստորեն եկան էն եզրակացության, որ բոլոր ժամանակների մեծագույն ռուսն Ալեքսանդր Նեւսկին է, պատկերացրեք՝ ինչպիսի անակնկալների ու փաստերի առաջ կկանգնեինք յոթ հրաշալիքների հետ կապված, որովհետեւ եթե ռուսների  համար Ալեքսանդր Նեւսկին միակ տարբերակն էր, քանի որ առաջին տասնյակը համալրած Ստալինը, Պուշկինն ու մյուսները ծագումով զտարյուն ռուսներ չէին, համաձայնվեք, որ հայերիս դեպքում Գարեգին Նժդեհն ամենեւին էլ միակ տարբերակը չէր եւ լիքը արժանի ու արժանավոր մրցակիցներ ուներ՝ Մաշտոցից ու Մամիկոնյանից մինչեւ Նարեկացի ու Հովհաննես Թումանյան, Սարյանն ու Խաչատրյանը, Վիկտոր Համբարձումյանն ու Տիգրան Պետրոսյանն էլ ձեզ նվեր, եւ եթե էս թվարկվածներին գումարենք Սայաթ-Նովա ու Չարենց, Սարոյան ու Արշիլ Գորկի, դրանով ամենեւին էլ ձեր նվերները չեն պրծնի, մանավանդ որ, «Հայկական ժամանակի» վերջին հարցման արդյունքներով հայոց լավագույն արձակագիր ճանաչվեց մեծն պատմահայր Մովսես Խորենացին, եւ «Հայկական  ժամանակ» ասելով՝ ոչ թե էս վեպս նկատի ունեմ, այլ՝ Նիկոլի թերթը, որովհետեւ, չնայած էս վեպիս անծայրածիր հնարավորություններին, հայ արձակի կապակցությամբ դեռեւս որեւէ հարցախույզ չեմ անցկացրել, եւ առաջիկայում էլ դժվար թե անցկացնեմ, մանավանդ որ՝ «Հայկական ժամանակ» թերթի հարցման արդյունքները հիմնականում  համապատասխանում են ճաշակիս ու նախասիրություններիս, որովհետեւ, ըստ «Հայկական ժամանակ» թերթի  հարցմանը մասնակցած գրողների, գրականագետների ու գրագետների, Խորենացուն հաջորդում են Թումանյանն ու Հրանտ Մաթեւոսյանը, այնուհետեւ՝ Բակունցն ու Սարոյանը, իսկ մնացածներին ու մնացածների հերթականությունը լավ չեմ հիշում, բայց շատ լավ հիշում եմ, որ էդ ցուցակում Վանոն բացակայում էր, բայց Վանոն էդ ցուցակից բացակայելու միանգամայն հարգելի պատճառ ու միանգամայն լուրջ հիմք ուներ՝ ոչ միայն էն պատճառով, որ մերոնց անցկացրած բոլոր հարցումների ժամանակ բացառապես մեր մեծ ու փոքր մեռյալների անուններն են հոլովվում ու արծարծվում, այլեւ էն պատճառով, որ առանձին վերցրած էդ հարցումն անցկացրած լրագրողուհին  մոռացել կամ զլացել էր զանգահարել նաեւ բանաստեղծ ու արդեն նաեւ արձակագիր Շեկոյան Արմենին եւ մեր լավագույն արձակագրի վերաբերյալ  նաեւ նրա՛ կարծիքը հարցնել, եւ եթե էդ աղջիկն ինձ զանգած լիներ, Վանոն անմիջապես կհայտնվեր մեր լավագույն արձակագիրների էդ ցուցակում՝  ոչ միայն էն պատճառով, որ Վանոն իմ ընկերն է, եւ ոչ էլ էն պատճառով, որ Վանոն իրոք մեր լավագույն արձակագիրներից է, այլեւ ու առաջին հերթին էն պատճառով, որ ես էն հազվագյուտ ու բացառիկ հայերից եմ՝ ովքեր  հակված են մեր լավագույններին ոչ միայն մեռյալների մեջ փնտրել ու գտնել, այլեւ՝ ապրողների, իսկ ինչ վերաբերում է իմ ու Վանոյի ընկերությանը, պիտի անկեղծորեն ու ազնվորեն խոստովանեմ, որ իմ ու իր ընկերությունը դադարեց ոչ թե էն պահից սկսած՝ երբ ինքը ուժային նախարար դարձավ, այլ էն պահից սկսած՝ երբ ինքը նախ հեղափոխական թոհուբոհում, իսկ այնուհետեւ Բուտիրկայում ու նեղության մեջ հայտնվեց, եւ չնայած բոլոր ժամանակների մեր լավագույն արձակագրին որոշելու հարցում ընկերությունն ու մանավանդ իմ ու Վանոյի ընդհատված ու ժամանակի քննությանը չդիմացած ընկերությունը միանգամայն կեղծ  կատեգորիա է, այնուամենայնիվ, մանավանդ հայերիս միջավայրում ընկերությունը մշտապես թեմա է, ընդ որում՝ միանգամայն հավերժական ու կարեւորագույն թեմա, եւ քանի որ Վանոն ինձնից ընկերական աջակցություն չստացավ ոչ միայն Բուտիրկայում, այլեւ՝ Էմվեդեի մինիստր աշխատած տարիներին, ես լիազորված եմ առնավազն իմ անունից հայտարարել, որ կյանքում ու մանավանդ հայ իրականության մեջ ընկերությունը  միանգամայն կեղծ կատեգորիա է, ու ես էս տեսակ հայտարարություն անելու համար  միանգամայն  բավարար ու միանգամայն անձնական հիմքեր ունեմ, որովհետեւ առանձին վերցրած իմ մի ընկերոջը ոչ միայն քաղաքական անազատության ու քաղաքական վտարանդիության պահերին ձեռք չեմ մեկնել, այլեւ Էմվեդեի մինիստր աշխատած տարիներին՝ իմանալով հանդերձ, որ կյանքում ու մանավանդ հայ իրականության մեջ Էմվեդեի մինիստրն ընկերական աջակցության կարիքն  ավելի ունի, քան՝ ցանկացած քաղբանտարկյալ ու քաղաքական  վտարանդի, բայց էսքանն իմանալով ու հասկանալով՝ ես նաեւ հասկանում եմ ու գիտեմ, որ ամեն ինչ կարելի է ուղղել ու շտկել՝ մանավանդ ընկերության, ընկերասիրության ու ընկերական անձնազոհության առումով, եւ ընդամենն անկեղծ ցանկության դեպքում միշտ էլ կարող ես  ընկերասիրություն ու ընկերական անձնազոհություն հանդես բերել, մանավանդ որ՝ պատմությունն ու իրավիճակները կրկնվելու հատկություն ունեն եւ մշտապես անձնազոհության լիուլի հնարավորություն են ընձեռում  յուրաքանչյուրիս ու հատկապես ինձ, եւ հիմա՝  էս պահին, երբ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան թիվ 301 էս կիսալյուքսում էս բաներն եմ գրում, հիմա էլ այլ քաղբանտարկյալ ընկերներ են շարունակում անազատության մեջ մնալ՝ փորձության ենթարկելով դրսում գտնվող իրենց ավագ, կրտսեր, գաղափարական ու ոչ գաղափարական, հեղափոխական ու հակահեղափոխական, նախկին ու գործող ընկերներին, եւ էս ընկերներ բառն էլ էսքան հեշտ ու էսքան թեթեւ եմ օգտագործում, որովհետեւ հայերս ընկերներին ու ընկերությունը մշտապես բարձր գնահատելով՝ գրեթե բոլորին ենք ընկեր համարում, ավելի ճիշտ՝ ոչ թե բոլորին են ընկեր համարում, այլ մեր էն սեղանակիցներին՝ ովքեր ընկերության կենացի պահին մեր սեղանակիցն են հանդիսանում, եւ հիմա՝ էս պահին էս հարաբերական ընկերներիս հանդեպ խիղճս համեմատաբար հանգիստ է, որովհետեւ Ծաղկաձոր գալուցս առաջ իմ ստորագրությունն եմ դրել կիսավեհերոտ մի տեքստի տակ, որն արդեն տպագրվել է թերթերում եւ վերաբերում էր մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների պաշտպանությանը, եւ որոշ մարդիկ արդեն զանգել ինձ ու իրենց շնորհակալությունն են հայտնել համարձակությանս  համար, ու էդ միամիտ զանգողների մտքով հաստատ չի էլ անցել, որ չի կարելի համարձակություն ու հերոսականություն փնտրել մի տեքստի մեջ, որի տակ ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ստորագրությունը կա, որովհետեւ ես իմ էս երկարատեւ ու երկարաշունչ կյանքում հատկապես համարձակներից եմ խուսափել ու զգուշացել՝ բնավ ոչ էն պատճառով, որ մարդասպաններն ու ավազակները սովորական մահկանացուներիցս անհամեմատ համարձակ են, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ ինձ հանդիպած վախկոտներից շատերը շրջապատում ու հասարակության մեջ լավ էլ համարձակի ու քաջի համարում ունեն, քանի որ իրենք են ձգտել ու ցանկացել շրջապատի ու հասարակության աչքում էդպես երեւալ ու հանդես գալ, որովհետեւ մեր ժողովուրդն աշխարհում առաջինը Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելով՝ հեզերին ու խոնարհներին ավելի է արհամարհում, քան էն ժողովուրդները, որոնք Քրիստոնեությունը ոչ միայն պետական կրոն չեն հռչակել, այլեւ Քրիստոնեությունն իբրեւ կրոն չեն էլ ընդունել, եւ չնայած էս բարդ ու անհասկանալի երեւույթի մասին էլի եմ խոսել, եւ չնայած ուրիշներն էլ են էս մասին բազմիցս խոսել, այդուհանդերձ, չեմ զլանում եւս մի անգամ քաջության ու համարձակության, ինչպես նաեւ հեզության ու խոնարհության մասին խոսակցություն բացել, քանզի հատկապես հայերիս միջավայրում են քաջությունն ու համարձակությունը գերագնահատվում եւ հեզությունն ու խոնարհությունը թերագնահատվում, որովհետեւ մենք հաճախ համարձակությունը քաջության ու հերոսության հետ ենք շփոթում, իսկ հեզությունն ու խոնարհությունը՝ վախկոտության ու զգուշավորության, մինչդեռ նորմալ հասարակության մեջ ոչ միայն հեզությունն ու խոնարհությունը վախկոտություն չեն համարվում, այլեւ՝ զգուշավորությունը, եւ չնայած մեր կյանքում, մեր իրականության ու մեր ժողովրդի պատմության մեջ էլ ենք հեզերի հերոսության եւ համարձակների վախկոտության օրինակների հանդիպում, այդուհանդերձ, մեր գիտակցության մեջ խոնարհությունն ու վախկոտությունը գրեթե հոմանիշներ են, ինչպես նաեւ՝ համարձակությունն ու  քաջությունը, եւ ինչքան էլ փորձենք այլ կերպ մտածել՝ էլի նույն կերպ ենք  շարունակելու  մտածել, բայց, այսուհանդերձ, մտածելն ամենեւին էլ վնաս չի, մանավանդ որ՝ մենք դեռեւս մեր մտածելու շնորհիվ ենք տարբերվում  անասուններից, եւ չնայած առ էսօր մարդկանցից որեւէ մեկը չի կարողացել համոզիչ կերպով ցուցանել ու ապացուցել անասունների մտածելու անընդունակությունն ու անկարողությունը, մարդկանց մտածելու ընդունակությանն ամեն օր ու ամեն քայլափոխի ենք  ականատես լինում, եւ չնայած հակառակի ականատեսն էլ ենք ամեն օր ու ամեն քայլափոխի լինում, այդուհանդերձ, ասուններիս մտածելու կարողությունն այլեւս անառարկելի փաստ է՝ անկախ հակառակն ապացուցող բազում ու բազմազան փաստերից, ու էս վերջին ասածս ավելի շատ ուրիշ ժողովուրդներին է վերաբերում, քան՝ հայերիս, որովհետեւ հայերս միմյանց հանդեպ մշտական համարձակություն ցուցաբերելով՝ հիմնականում խոնարհ ենք օտարների հանդեպ՝ մանավանդ արտաքին հարաբերություններում եւ հատկապես ռուսների հետ արտաքին քաղաքական հարաբերություններում, եւ առանձնապես՝ Ռուսաստանի ադրբեջանցիների ու Թուրքիայի թուրքերի հետ շուկայական ու առեւտրական հարաբերություններում, բայց խոսքս ոչ թե հայերի ու թուրքերի եւ հայերի ու ադրբեջանցիների էթնիկ անհամատեղելիության եւ առեւտրական հարաբերություններում միանգամայն համատեղելիության մասին է, այլ ընդհանրապես մարդկանց եւ հատկապես հայերի ու հայերի ներքին անհամատեղելիության մասին, որովհետեւ հայերս մշտապես համարձակությունը քաջության ու հերոսության հետ շփոթելով՝ մեր համարձակությունը հիմնականում միմյանց վրա ենք փորձարկում՝ ոչ թե էն պատճառով, որ միմյանց նկատմամբ ավելի անխնա ենք՝ քան օտարների, այլ հիմնականում էն պատճառով, որ մենք մեր երկրում բացարձակ մեծամասնություն ենք եւ հատկապես անցյալ հազարամյակի վերջերից սկսած ենք բացարձակ մեծամասնություն՝ չհաշված, իհարկե, վերջերս Հայաստանում միանգամայն բնական ճանապարհով բազմացած պարսիկներին, բայց վերջերս Հայաստանում միանգամայն բնական ճանապարհով բազմացած պարսիկների վրա մեր համարձակությունն առանձնապես չենք փորձում, որովհետեւ պարսիկներին մանավանդ վերջերս ոչ միայն բարեկամ ժողովուրդ ենք համարում, այլեւ՝ ռազմավարական միանգամայն հուսալի դաշնակից, եւ, փաստորեն, Ավարայրի ճակատամարտը մեր ու իրենց թշնամության պատահական ու աննշան մի էպիզոդ է եղել՝ մանավանդ իրե՛նց համար աննշան, որովհետեւ էդ ճակատամարտն, ասում են, ոչ միայն իրենց պատմության  դասագրքերից է բացակայում, այլեւ՝ իրենց պատմագրությունից, մինչդեռ Ավարայրը ոչ միայն մեր պատմության ու պատմագրության, այլեւ մեր բարոյական հաղթանակների թագն ու պսակն է հանդիսանում, բայց, այսուհանդերձ, մենք մեր հավաքական մտքի մեջ պարսիկներին իբրեւ թշնամի չունենք՝ ոչ միայն էն պատճառով, որ Ավարայրում մեր ու  պարսիկների հակամարտության բուն պատճառն ընդամենը կրոնն ու հավատքն են հանդիսացել, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ Եղիշեի պատմության մեջ պատերազմի սահմռկեցուցիչ տեսարաններն ու մանրամասներն  առանձնապես շատ չեն, եւ նմանապես մեր մյուս պատմիչների նկարագրությունների մեջ են էդպիսիք քչություն անում, եւ Ավարայրի ճակատամարտի մերոնց նկարագրությունների մեջ մերոնց դեմ ավելի դաժանորեն հարբած փղերն են մարտնչում, քան՝ բուն պարսիկները, եւ չնայած մենք աշխարհում առաջինն ենք Քրիստոնեությունը պետական կրոն հռչակել, կրոնի ու հավատքի էդ ժամանակավոր հակամարտությունը բավարար հիմք չենք համարում պարսիկներին մշտական թշնամի համարելու համար, եւ նույնիսկ փղերին ու մյուս կնճիթավորներին մշտական թշնամի չենք համարում:

  Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031