առաջարկում եմ ձեզ անձմաբ հետաքննել ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԾԻԳ-ի` մարտի 12-ին անցկացված մրցույթի ընթացակարգը և արդյունքները: Ես դիմել էի այդ մրցույթի ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ թափուր պաշտոնի համար: Հրավիրեցին հարցազրույցի փուլ, սակայն արդյունքների մասին այդպես էլ տեղյակ չպահեցին: Մինչդեռ գործող ընթացակարգով նրանք մրցույթի անցկացումից հետո նույն օրը` անմիջապես, պարտավոր էին տեղյակ պահել, իսկ բողոքարկել կարելի էր այդ ընթացքում: Մինչդեռ պետք է տեղյակ լինես, որ բողոքարկես: Հինգ ժամ անընդհատ մեզ` մրցույթի մասնակիցներին. կառավարության միջանցքներում թողեցին` առանց պայմանների, անգամ` սովորական աթոռների` ենթարկելով հոգեբանական նվաստացման: Հարցազրույցը խիստ ձևական բնույթ էր կրում, իմ դեպքում ես դա կարող էի հասկանալ, քանի որ հանձնաժողովի համար, մեղմ ասած, անծանոթ մարդ չէի այն ոլորտում, որի համար դիմել էի: Թեկնածուների` անգլերենի և համակարգչային ծրագրերի գերազանց իմացությունը ստուգելը հանձնաժողովի մտքով անգամ չանցավ: Մնում է ենթադրել, որ այդ չափորոշիչների ներառումը թեկնածուներին ներկայացվելիք պահանջների մեջ խիստ ձևական բնույթ էր կրում: Ինչևէ: Երեկ, երբ զանգահարեցի, ասացին հաղթողի անունը` միանգամից ավելացնելով` հրամանն արդեն եղել է: Այլ կերպ ասած` բողոքարկելն անիմաստ է: Ես ենթադրում եմ, որ ‘հաղթողը’’ ձեր հովանավորած թեկնածուն է. աշխատում է ԿԲ-ում: Կարծում եմ, որ պայքարն ու հովանավորչությունն ավելի դաժան է եղել մյուս երկու` տնօրենի տեղակալի և բաժնի պետի պաշտոնների համար:
Նայեք թեկնածուների անձնական գործերը, աշխատանքի փորձառությունը և դուք իմ փոխարեն այլ եզրահանգման դժվար թե հանգեք: Պարզաբանումներ պահանջեք մրցութային հանձնաժողովից, եթե իհարկե ձեր գիտությամբ չէ արվել այս ամենը:
Ամենասարսափելին անգամ դա չէ, այլ այն, որ համատարած ունեզրկության պայմաններում ահռելի աշխատավարձեր եք գրում` 1,5 -2000 եվրո, այդ պաշտոնների համար, ավելացնելով ՀՀ արտաքին պարտքը, թեպետ այդ թվերը հմտորեն գաղտնի են պահվում անգամ մրցույթի մասնակիցներից: Երբ մրցույթի հայտարարությունը կարդալուց առաջ փորձեցի ճշտել թե աշխատավարձի չափը, թե պայմանագրի տևողության ժամկետը, հրաժարվեցին պատասխանել: Ստացվում է այնպես, որ մասնակցում ես մի մրցույթի, որի պայմանները փակ են պահվում մասնակիցներից: Այդպես երևի ՆԱՍԱ-ի գաղտնիքներն են փակ պահում: Եվ երբ ԾԻԳ-ի տնօրենը` նախկին նախարար Արմեն Եղիազարյանն ինձ հարցրեց, թե որքան աշխատավարձ եմ ակնկալում, ասացի` ողջամտության սահմաններում` բարձր: Այդ պատասխանիս վրա հանձնաժողովի անդամները ծիծաղեցին: Երևի թե այն պատճառով, որ նման ծրագրերի դիմելիս ողջամտությամբ չարժե առաջնորդվել:
Կարդացեք նաև
ՀԳ
Ամիսներ առաջ նման մրցույթների քանիցս մասնակցած մի քաղաքացի ինձ խորհուրդ տվեց գրել այդ մրցույթների մասին: Այն ժամանակ ես նրան պատասխանեցի, որ ես քաղաքական հոդվածներ եմ գրում: Հիմա կարծում եմ, որ հանիրավի անտեսել եմ այդ խորհուրդը: Կարծում եմ, առաջիկայում կհետևեմ այդ խորհրդին: Մանավանդ որ, բավարար չափով տեղեկացված եմ այդօրինակ մրցույթների մասին: Եվ հենց այդ տեղեկատվություններն էլ ինձ մղեցին մասնակցելու մրցույթին` փաստերը և տեղեկատվությունը ստուգելու վարքագծին հետամուտ: Իսկ այժմ ակնկալում եմ ձեր պատասխանը և քայլերը, որոնք կուզեի չհակասեին ձեր հրապարակային ելույթների ոգուն և բովանդակությանը:
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ