Աֆղանստանում 16 մարդու սպանության իրականացման մեջ մեղադրվող Միացյալ Նահանգների զինված ուժերի սերժանտի քաղաքացիական փաստաբանի համաձայն, իր պաշտպանյալն ամենայն հավանականությամբ սթրես է ապրել՝ տեսնելով, թե ինչպես է վնասվածքներ ստացել իր ծառայակիցներից մեկը:
Փաստաբան Ջոն Հենրի Բրաունի համաձայն, Քանդահար նահանգում սպանություններն իրականացնելուց մեկ օր առաջ 38-ամյա սերժանտը տեսել էր, թե ինչպես էր պայթյունի արդյունքում պոկվել իր ծառայակիցներից մեկի ոտքը:
Բրաունի համաձայն, պաշտպանյալը, բացի դրանից, շատ դժգոհ էր այն հանգամանքից, որ իրեն չորրորդ անգամ ծառայության էին գործուղել պատերազմական գոտի: Մինչ այդ, ըստ փաստաբանի, սերժանտը երեք անգամ ռազմական առաջադրանքներ է կատարել Իրաքում, որտեղ ստացել էր գլխի և ոտքի վնասվածքներ, և նրան հայտնել էին, թե այլևս չի ուղարկվի պատերազմական գոտի, սակայն այս որոշումը փոխվել է «մեկ օրվա ընթացքում»
ԱՄՆ-ի զինծառայողը, որի անունը դեռևս չի բացահայտվել, չորեքշաբթի ուշ երեկոյան տեղափոխվել է Քուվեյթ: Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Կուրտիս Սկապարոտիի համաձայն, կասկածյալին տեղափոխել են Աֆղանստանից՝ «նախադատական բանտարկության պատշաճ պայմաններ և իրավական օգնության հասանելիություն ապահովելու նպատակով»:
Կարդացեք նաև
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»