«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կուսակցության երկրորդ՝ արտահերթ համագումարում հայտարարեց, թե «այսօր մեզ համար պատմական օր է. ոչ միայն այն առումով, որ Հիմնադիր համագումարից հետո սա մեր կուսակցության առաջին համագումարն է, այլև նրանով, որ այսօր մենք ընդհանրացնում, համակարգում և իմաստավորում ենք մեր անցած ուղին, և ազդարարում ենք մեր ակտիվ քաղաքական գործունեության` արդեն որակապես նո’ր փուլ մտնելու պաշտոնական մեկնարկը»: Նա ի շարս այլ հիմնավորումների շեշտեց նաեւ, որ կուսակցությունը ստեղծվել է Հայաստանում իրական ազատական գաղափարախոսության արմատավորման և կայացման համար: «Իսկ առանց ազատականության, ժամանակակից պետությունը չի կարող կայուն զարգացում ունենալ»,- ասաց կուսակցության նախագահը՝ հավելելով, որ կուսակցության անունն արդեն իսկ հուշում է, որ այն ազատական, դեմոկրատական արժեքների իրական և հետևողական կրողն է:
Քոքոբելյանի ասելով, անկախ Հայաստանի պատմության ընթացքում շատ կուսակցություններ են հայտարարել այդ արժեքները դավանելու մասին, բայցեւ արձանագրեց. «Սակայն ինչպես ցույց տվեց մեր անկախ պետության ավելի քան 20-ամյա պատմությունը, նրանց մեծամասնությունը, ցավոք, միայն հայտարարում է այդ մասին, մինչդեռ իրականում, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, դրսևորում է այլ գործելակերպ:
Այս պայմաններում զարմանալի չէ, որ Հայաստանում ձևավորվում են այնպիսի քաղաքական դաշինքներ և կոալիցիաներ, որոնցում համերաշխորեն գոյատևում են թե’ իբրև ազատական դեմոկրատական արժեքներ կրող քաղաքական ուժերը, թե’ սոցիալ-պոպուլիստները, թե’ պահպանողական ու նույնիսկ ազգայնական գաղափարախոսության կրողները»: Որպես առկա իրավիճակի հիմնական պատճառ նա մատնանշեց իշխանությունների կողմից տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը, որն ուղղված է եղել, Քոքոբելյանի ձեւակերպմամբ՝ «քաղաքական դաշտի գաղափարազրկմանը, լղոզմանը և ի վերջո փոշիացմանը» եւ արդյունքում «հասարակական ընկալման մեջ, քաղաքական ուժերը հիմնականում դիտարկվում են ընդամենը որպես գործիքներ` անձնական և նեղ խմբային շահերը սպասարկելու համար: «Ցավոք, այս գնահատականները վերաբերում են գրեթե ողջ քաղաքական դաշտին՝ թե’ իշխանական, թե’ ընդդիմադիր: Այս և մի շարք այլ գործոնների ազդեցությամբ Հայաստանում այսօր ձևավորվել է իրական ազատական, դեմոկրատական, քաղաքակիրթ աշխարհի զարգացման միտումներին համապատասխանող քաղաքական ուժի հասարակական պահանջ:
«Ազատ դոմեկրատներ» կուսակցությունը հավակնում է բավարարելու հենց այդ հասարակական պահանջը և սատար կանգնելու այդ պահանջատերերի ձայնին, պաշտպանելու նրանց գաղափարները և նրանց կողմից դավանվող արժեքները: Եվ այս ամենի արդյունքում, մենք վստահաբար կարող ենք հայտարարել, որ այսօր` կուսակցության ստեղծումից կարճ ժամանակ անց, մենք ունենք համախոհների մեծ բանակ և կուսակցության հեղինակության ու քաղաքական կշռի նշանակալի աճ: «Ազատ Դեմոկրատները» նո’ր ուժ է Նո’ր Հայաստանի համար», հայտարարեց Քոքոբելյանը: