«Ժառանգություն» կուսակցության կարեւորագույն նախաձեռնություններից մեկը, որը նաեւ խորհրդարանում օրենսդրական նախագծի տեսք էր ստացել, վերաբերում էր Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Այս մասին երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարից հետո հրավիրված բրիֆինգում հիշեցնելով` լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք ազատ-դեմոկրատները, որոնք ուզում են «Ժառանգության» հետ նախընտրական դաշինք կազմել, պաշտպանո՞ւմ են այդ նախաձեռնությունը:
«Նախ, եթե ուշադրություն դարձրեցիք, համագումարի բանաձեւում, նաեւ կուսակցության վարչության նախագահի ելույթում հստակ ասվեց, մեր դիրքորոշումը. այն է՝ ԼՂՀ ինքնորոշման իրավական ճանաչում: Հակաստանում չկա որեւէ քաղաքական ուժ, որը չցանկանա, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվի անկախ պետություն: Միայն հարց է, թե որքանով այդ պաշտոնական ճանաչումը ՀՀ ԱԺ-ում այս պահին օգտակար է խնդրի խաղաղ կարգավորմանը: Միայն այդպիսի մոտեցման՝ ճանաչման պահը ընտրելու առումով կարող է տարաձայնություն լինել: Այլ որեւէ տարաձայնություն չկա»,- հարցադրմանն անդրադառնալով ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ եւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
«Ուղղակի իշխանություններն էլ են այդ նույնն ասում…»,- լրագրողի այս «միամիտ» ռեպլիկին ի պատասխան Ալեքսանդր Արզումանյանը հավելեց. «Եթե իշխանություն է՝ չի նշանակում, որ ինչ ասում է` հիմարություններ է ասում, կարող է մերթ ընդ մերթ խելոք բաներ էլ ասել: Այս պարագայում իշխանությունը, գուցեեւ, ճշմարտացիորեն գտնում է, որ այս պահին ճանաչումը կարող է խոչընդոտել խնդրի խաղաղ կարգավորմանը: ԱԺ ընտրություններից՝ մայիսի 7-ից հետո մենք «Ժառանգության» հետ կքննարկենք, կորոշենք, թե որքանով է հասունացել ԼՂՀ-ի անկախության հարցի ճանաչումը»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ