Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում քննիչ Արտյոմ Շախոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ինքնասպանության փորձի փաստով:
Ինչպես aravot am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 14-ին ժամը 18.40-ի սահմաններում «Շտապ օգնության» ենթակայանից ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Հարավ-Արեւմտյան թաղամասի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանների մետաղյա լարերի վրա երիտասարդ մի աղջիկ է ընկած եւ նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նշված շենք է մեկնել Երեւանի հատուկ փրկարարական ջոկատը, որը պարանների վրայից իջեցրել եւ «Շտապ օգնությանն» է հանձնել այդ աղջկան, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն: Դեպքի վայրում է եղել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը քննիչ Արտյոմ Շախոյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ աղջիկը Երեւանի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի, 21-ամյա Ա. Հ.-ն է, որն, ըստ հարեւանների, ունի որոշ հոգեբանական խնդիրներ: Նա 12-րդ հարկից իրեն ցած է նետել, սակայն գետնին չի հասել, քանի որ 3-րդ հարկի լվացքի պարանները նրան պահել են: Թե ինչն է եղել ինքնասպանության դիմելու պատճառը եւ արդյոք նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, կպարզի քննչական բաժինը, որտեղ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: