Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք ՀՀԿ-ի անդամատոսեր ստացան անձամբ նախագահից

Մարտ 16,2012 23:22

ՀՀ նախագահի մամլո ծառայությունից ստացած հաղորդագրության համաձայն` մի քանի ժամ առաջ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում, բավականին հանդիսավոր պայմաններում  նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի անդամատոսեր է հանձնել 32 հայտնի դեմքերի:

Տեղեկացնենք, որ Հանրապետականի անդամատոմսեր ստացածների շարքում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը,  ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրի պատասխանատու Սամվել Ֆարմանյանը, որը նախկինում Սերժ Սարգսյանի մամլո պատասխանատուն էր, «Շարմ» հոլդինգի նախագահ Կարեն Ղազարյանը, «Արմենիա» հեռուստաընկերության պրոդյուսեր Վահե Ղազարյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը, ինչպես նաև «Առավոտի» արդեն նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը: Նշենք, որ թվարկվածների մեծ մասը, ըստ նախնական տեղեկությունների, պետք է  մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին` տեղ զբաղեցնելով ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Հետաքրքիրն այն է, որ  երկու նախարարները` Վաչե Գաբրիելյանն  ու  Հրայր Թովմասյանը,  ՀՀԿ անդամատոսերը դեռ չստացած, իրենց կենսագրական տվյալների մեջ շտապել էին ավելացնել կուսակցական պատկանելությունը:

Հանրապետական կուսակցության շարքերը համալրվեց ևս մեկ գործարարով` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, պարենային ապրանքների և խմիչքների ներմուծմամբ զբաղվող «Սովռանո» ՍՊԸ-ի,  «Պրեսս ստենդի» և մի շարք ԶԼՄ-ների հիմնադիր Արման Սահակյանը, ինչպես և խոստացել էր, նույնպես դարձավ հանրապետական: Նա պատրաստվում է խորհրդարան մտնել մեծամասնական  ընտրակարգով` իր թեկնածությունն առաջադրելով Գյումրիից:

Նախագահականից ստացված հաղորդագրության համաձայն` ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ  Սերժ Սարգսյանն ասել է, որ ցանկացած կուսակցություն, որքան էլ հզոր և բազմամարդ լինի՝ իր նոր անդամներով դառնում է ավելի ուժեղ: Նույնքան ուժեղ են դառնում իրենք՝ անհատ կուսակցականները: Նախագահի խոսքով, որպես մասնագետներ և պետության քաղաքացիներ նրանք հնարավորություն են ստանում ավելի արդյունավետ օգտագործել իրենց ներուժն ու կարողությունները և գաղափարակից ընկերների հետ միասին այդ ամենը ծառայեցնել ի շահ պետության ու հասարակության: «Ինձ համար թանկ է ձեր որոշումը, հատկապես, որ այն կայացրել եք հիմա՝ այս կարևորագույն պահին, երբ մենք գնում ենք լրջագույն բարեփոխումների: Այսպիսի պահին պատասխանատվությունից չխուսափելն արդեն որակական մեծ հատկանիշ է, և այդ որակը մենք մշտապես պետք է գնահատենք ցանկացած մարդու, ցանկացած կուսակցականի մեջ»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ըստ հաղորդագրության` Հանրապետական կուսակցության նոր անդամները շնորհակալություն են հայտնել նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, հավաստիացնելով, որ պատվով կկրեն ստանձնած քաղաքական պատասխանատվությունը, իրենց կարողությունները, փորձն ու գիտելիքները ներդնելով ՀՀԿ ծրագրերի իրականացման գործում՝ այդպիսով նպաստելով նաև մեր պետության զարգացմանն ու հզորացմանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031