Իջեւանի Ազատամուտ համայնքի շուրջ 2500 բնակիչներից շուրջ 700-ը ՀՀԿ անդամ է: Գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը հպարտությամբ ասաց, որ 2011թ. ապրիլին , երբ ինքը ստանձնեց ՀՀԿ Ազատամուտի կազմակերպության ղեկավարի պաշտոնը, գյուղում այդ կուսակցության անդամների թիվը 180 էր, որ ավելի քան 500 հոգի ՀՀԿ-ին անդամագրվել է 2011թ. ապրիլից մինչ օրս: Նշենք, որ գյուղապետ Ժ. Մարտիրոսյանը մինչ ՀՀԿ-ին անդամագրվելը ԲՀԿ անդամ էր:
Ազատամուտի բնակիչ, 62-ամյա գործազուրկ Սաշա Ալավերդյանը զարմանում է , որ աղքատ համայնքի չափահաս բնակչության մի զգալի մասը անդամագրվել է ՀՀԿ-ին: Նրա խոսքերով` Ազատամուտի բնակիչներն աշխատանք չունեն եւ ապրում են անտառի հատապտղով: Նախկին բանավանը հիմնվել է բենտոնիտի փոշու վերամշակման գործարանի հենքի վրա: Այնտեղ նախկինում 1000 մարդ էր աշխատում, սակայն գործարանն այժմ շատ փոքր կարողությամբ է գործում: Լուծարված են կամ աննշան չափով են գործում Ազատամուտի ձեռնարկությունները` բնակշինկոմբինատը, հիդրոմելորացիայի, գյուղտեխնիկայի եւ ոռոգման համակարգերի ձեռնարկությունները:
Ոսկան Սարգսյան