Գյումրիից մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր դարձած Մարտուն Գրիգորյանը, օրերս այդ ընտրակարգի մասին խոսելիս, կարծիք հայտնեց, որ այն պատերազմի բույն է: Ըստ պատգամավորի, թեև ընտրություններից հետո թիմերը խորհրդարանում կոալիցիա են կազմում, նորմալ, բարեկամական մթնոլորտում աշխատում են, սակայն առանձին քաղաքներում թիմակիցների միջև թշնամանքն ու պատերազմական տրամադրությունները շարունակվում են:
Այս պահին այդպիսի վտանգավոր իրավիճակ է ստեղծվել նաև Շիրակի մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում, ուր ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանից բացի, միմյանց դեմ են դուրս եկել քաղաքի երկու բարձրաստիճան պաշտոնյաների` քաղաքապետ Խաչատուր Վարագյանի ու ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի եղբայրները:
Այսօր Aravot.am-ը Արթիկի փոխքաղաքապետ Գևորգ Փթուկյանից հետաքրքրվեց, թե վտանգավոր չէ՞ արդյոք այդ քաղաքում ստեղծված մթնոլորտը: «Արթիկում մշտապես բարդ իրավիճակ է, Արթիկը քաղաքականացված տեղանք է, պատկերացրեք, որ քաղաքական 77 կուսակցություններից մոտ 66-ը կառույցներ ունեն Արթիկում: Բայց ես ձեզ ասեմ, որ այստեղ ընտրությունները միշտ էլ ընթանում են խաղաղ, հանգիստ, առանց ավելորդությունների, և ամենևին էլ կարևոր չէ, թե թեկնածուներն ինչ պաշտոնյա կողմնակիցներ ունեն, կարևորը նրանք ժողովրդի համակրանքը շահեն: Թող իրենք իրենց տարբերակներով պայքարեն, մենք էլ` մեր», -ասաց պարոն Փթուկյանը, ով առաջիկա ընտրություններին սատարելու է քաղաքապետ Խաչատուր Վարագյանի եղբորը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանին:
Կարդացեք նաև
Ի դեպ, փոխքաղաքապետը, ով նախկինում ՕԵԿ-ական էր, մեզ տեղեկացրեց, որ ինքը թեև պաշտոնապես ընդգրկված չէ Հանրապետական կուսակցության շարքերը, սակայն տեսնելով նախագահ Սերժ Սարգսյանի Արթիկում կատարած գործերը, դարձել է այդ կուսակցության համակիրը:
Մենք ընտրությունների թեմայով զրուցեցինք նաև մի քանի արթիկցի մտավորականների հետ: Նրանք խնդրեցին չհրապարակել իրենց անուն-ազգանունները, հաշվի առնելով , որ Արթիկը փոքր քաղաք է, մեկը մյուսին ազգական են, և չարժե այս ընթացքում վատամարդ դուրս գալ: Մեր զրուցակիցները ևս փաստեցին, որ որքան էլ ընտրապայքարը դաժան լինի, ընթացքում թեկնածուներն իրար «միս ուտեն», այս քաղաքում հետընտրական պատերազմները չեն շարունակվում, միշտ էլ հաշտության եզրեր գտնում են: Սակայն նրանք միաժամանակ իրենց մտավախությունը հայտնեցին, որ այս մի ընտրությունը ամենայն հավանականությամբ բացառություն կլինի, օրինակ` կուղեկցվի կրակոցներով: Արթիկցիների տեղեկացնելով, թեկնածուներից ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանն ու Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը լավ եղբայրներ ունեն, այլեւ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը: Նրա եղբայրը թեև պաշտոնյա չէ, սակայն իր շրջապատով ամենևին չի զիջում այս երկուսի պաշտոնյա եղբայրներին: Ըստ արթիկցիների, նա մեծ հարգանք է վայելում գողական աշխարհում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ