Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ու մյուսները ողջունել են, ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից դեռ պատասխան չկա

Մարտ 16,2012 21:25

Aravot.am-ը տեղեկացրել է, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկել էր մի շարք կետեր ներգրավել իրենց նախընտրական ծրագրերում:  Դրանց թվում են հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրերի ներմուծումը, համացանցային որակյալ կրթական բովանդակության հայացումը եւ ներմուծումը կրթական միջավայր եւ այլն, եւ իհարկե` վերանայել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում 2010 թ կատարված փոփոխությունները, որոնցով օրենսդրորեն ամրագրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու իրավունքը:

Aravot.am-ը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանից հետաքրքրվեց` ի՞նչ արձագանքներ են ստացվել եւ հատկապես` ո՞ր կուսակցություններից:

«Մեր առաջարկի հետ կապված համարյա բոլոր կուսակցություններից  ստացել ենք պատասխաններ եւ կայացել են հանդիպումներ: Տարբեր կուսակցությունների հետ այս գործընթացը տարբեր փուլերում է գտնվում: Այս պահին արդյունքներից գոհ ենք»,- նշեց պարոն Ապատյանը: Նա հավելեց, որ, օրինակ, ՀՅԴ-ն ամբողջությամբ է ընդունել իրենց առաջարկները եւ համաձայնել դրանք  զետեղել նախընտրական ծրագրում:   Կուսակցությունը հետաքրքրություն է ցուցաբերել մասնավորապես «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության առաջարկի այն կետերին, որոնք վերաբերում են միջազգային ծրագերին  եւ Հայաստանում վաճառվող համակարգիչներում հայերեն օպերացիոն համակարգերի ու ստեղնաշարերի, բջջային հեռախոսների մեջ հայերեն հրամանացանկերի տեղադրման, հայկական տառերը տեսնելու եւ հայոց այբուբենով գրելու հնարավորությանը:

«Ժառանգությունում»  եւս հայտնեցին, որ մեր առաջարկներն ընդունելի են եւ տեղ կգտնեն իրենց ծրագրում: Մենք հանդիպեցինք  ՀՀԿ-ի հետ,  ներկայացրինք մեր առաջարկները, խոստացան ուսումնասիրելուց հետո պատասխանել:  Այս պահին որեւէ պատասխան չունենք  ՕԵԿ-ից: Դրական հանդիպում ենք ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Ցավոք, ԲՀԿ-ի  նախընտրական ծրագիրն արդեն տպագրման փուլում է, բայց մեզ խոստացել, են, որ առաջարկները սեպտեմբերին կներկայացվեն նորընտիր Ազգային ժողովի ուշադրությանը: Այսօր արձագանք ենք ստացել «Ազատ դեմոկրատներից».  իրենք եւս համաձայն են բոլոր կետերի հետ, մոտակա օրերին էլ հայտարարություն են պատրաստում: Նախնական դրական արձագանք կա նաեւ ՀԱԿ-ից, հույս ունենք հանդիպում եւս կկայանա»,-նշեց Արամ Ապատյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031