Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Մարտ 16,2012 20:20

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով՝ Երևան քաղաքի ավագանին մարտի 16–ին գումարած նիստում միաձայն որոշել է ակադեմիկոս Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Նիստի ավարտից հետո, հանդիսավոր պայմաններում շնորհավորելով ակադեմիկոսին պատվավոր կոչման համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վաստակաշատ գիտնականին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու շքանշանն ու հավաստագիրը։

Հատկանշական է, որ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման շնորհումը համընկել է գիտնականի ծննդյան 90–ամյակին։ Կանխելով իր երկարակեցության մասին  հնարավոր հարցադրումը, ակադեմիկոսը ներկաների համար բացել է գաղտնիքի սեփական բանաձևը. « 77 տարի է ապրում եմ  Երևանում, որից 73 տարին աշխատում եմ։ Արդեն 90 տարեկան եմ ու այսօր կուզեմ ձեզ հետ կիսվել երկար ապրելու իմ հնարած սխեմայով: Առաջինը` պետք է սիրել  երկիրը, ժողովրդին,  տղամարդիկ սիրեն  կանանց, կանայք` տղամարդկանց: Սերը, ինչպես դասականներն են ասում, փրկում է ժողովրդին: Երկրորդը` պետք է անընդհատ աշխատել ու ստեղծագործել: Երրորդը շատ բարդ հարց է` պետք է ոչ մեկին չնախանձել: Եթե նախանձը մտավ մարդու մեջ, այդ մարդը ուշ թե շուտ կործանվում է: Չորրորդը` պետք է ապրել  գեղեցիկը տեսնելու և գնահատելու ձգտումով: Ամենավատ բանի մեջ էլ պետք է փնտրել և գտնել գեղեցկություն: Դրա վառ օրինակն է Էսմերալդայի և Քվազիմոդոյի սերը: Վատն են այն մարդիկ, ովքեր ամեն ինչի մեջ փնտրում են վատը, ոչ թե գեղեցիկը», – իր խոսքում նշել է Սերգեյ Համբարձումյանն ու ավելացրել. «Ու այսօր արդեն որպես  Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի`  խոսք եմ տալիս բարձր պահել Երևանի պատիվը»:

Մեկ անգամ ևս շնորհավորելով հոբելյարին պատվավոր քաղաքացու կոչման և ծննդյան օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հայ և համաշխարհային գիտական ասպարեզում նրա ներդրած ավանդի, սերունդների կրթության ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար. «Մեզ համար իսկապես մեծ պատիվ է Ձեր նման վաստակաշատ պատվավոր քաղաքացի ունենալը և մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք»,– նշել է Տարոն Մարգարյանը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031