Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարը բացատրում է, թե ինչո՞ւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց չկա

Մարտ 16,2012 20:11

Այսօր ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն համատեղ ասուլիս են տվել, որի ժամանակ գերմանացի լրագրողներից մեկը Է. Նալբանդյանին հարցրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության պատճառների մասին:

Պարոն նախարարը պատասխանել է.«Ղարաբաղի հարցով Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ընթացքում կարեւոր հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ: Հուսով ենք, որ դրանք կիրականացվեն:

Այսպիսի հայտարարություններ ընդունվել են նաեւ նախկինում, օրինակ՝ մեկ տարի առաջ մարտին, Սոչիի գագաթաժողովին: Այնտեղ  ընդունված հայտարարության մեջ  նախագահներն անդրադարձել էին մի կարեւոր պայմանավորվածության, որը չիրականցվեց այն պատճառով, որ Ադրբեջանը մերժեց, փաստորեն, այն ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել:

Սոչիում պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ամեն ինչ արեց, որպեսզի այդպիսի մեխանիզմ չստեղծվի: Համապատասխան առաջարկներ եռանախագահների կողմից ներկայացվել էին դեռ 2011թ. ապրիլին, եւ Հայաստանը տվել էր  դրական  պատասխանը, իսկ հոկտեմբերին վերահաստատել, իսկ Ադրբեջանը մինչ այսօր պատասխան չի տվել:

Անցյալ դեկտեմբերին, երբ քննարկվում էր ԵԱՀԿ-ի բյուջեն, ադրբեջանական կողմն անգամ սպառնաց, որ վետո կօգտագործի ԵԱՀԿ-ի ամբողջ բյուջեի վրա, եթե հատկացում նախատեսվի այդ մեխանիզմի ստեղծման նպատակով:

Սա օրինակներից մեկն է, թե ինչու առաջընթաց  չի ստացվում արձանագրել, որովհետեւ պայմանավորվածություն է ձեռք բերվում, բայց Ադրբեջանը հետո հետ է կանգնում:

Վերջին գագաթաժողովներից առաջ արտգործանախարարների մակարդակով համապատասխան նախապատրաստական աշխատանք է տարվել, ինչպես եղել է Կազանի, կամ Սոչիի, կամ Աստրախանի, կամ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներից առաջ: Այս նախապատրաստական աշխատանքներն ուղղված են եղել քննարկվող սկզբունքների շուրջ համաձայնության գալուն: Ամեն անգամ, երբ  մենք համաձայնություններ են ձեռք բերվել, Ադրբեջանը, գալով գագաթաժողովների, հետ է կանգնել պայմանավորվածություններից՝ առաջարկելով բազմաթիվ լրացումներ եւ փոփոխություններ:

Հենց այդ պատճառով է, որ չի ստացվում առաջընթաց արձանագրել: Ոչ թե եռանախագահները չեն ջանում օգնել կողմերին: Եռանախագահները բավականին մեծ աշխատանք են կատարել: Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը վերջին երկու-երեք տարվա ընթացքում կարեւոր ջանքեր է գործադրել:

Վերջին երկու-երեք տարվա ընթացքում տասնյակ հանդիպումներ են կայացել նախագահների մակարդակով, արտգործնախարարների մակարդակով, եռանախագահները բազմիցս եղել են տարածաշրջանում՝ Ստեփանակերտում, Բաքվում եւ Երեւանում:

Սոչիում վերջին հանդիպմանը եռանախագահների գործունեության վերաբերյալ բարձր գնահատական տրվեց: Եվ անգամ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ, այո, բարձր է գնահատում եռանախագահների գործունեությունը:  Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հույս հայտնեցին, որ նույն ձեւաչափով եւ նույն մանդատով եռանախագահները կշարունակեն իրենց գործունեությունը, մինչեւ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի:

Սոչիի հանդիպումանն Ադրբեջանի նախագահն ասում էր մեկ բան, օրեր անց, այլ մակարդակներով Ադրբեջանից շարունակվեց քննադատությունը եռանախագահների հասցեին ու արվեցին մեկնաբանություններ, որոնք հակասում են Սոչիի եռակողմ հայտարարությանը: Հենց այդ պատճառով հնարավոր չի լինում առաջընթաց արձանագրել:

Այս օրինակների ցանկը կարելի է շատ երկար շարունակել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031