Քիչ առաջ «Արմավիա» ավիաընկերությունը տարածել է հաղորդագրություն՝ հայտարարելով, որ «Զվարթնոց» օդանավակայանը չի կատարում համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները եւ չի իջեցնում մատուցած ծառայությունների սակագները՝ չնայած այն բանին, որ «Արմավիան» արդեն վճարել է պայմանավորված գումարի 50 տոկոսը:
Նշենք, որ երեկ՝ մարտի 15-ին, «Արմավիայի» եւ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջեւ կնքվեց համաձայնագիր, համաձայն որի` օդանավակայանը իջեցնելու էր սակագները, իսկ ավիաընկերությունն էլ պարտավորվել էր 6 ամսվա ընթացքում մարել օդանավակայանին ունեցած 5 միլիոն 300 հազար դոլար պարտքը: Պարտքի մարման ժամանակացույցը պետք է սկսվեր մարտի 31-ից:
Aravot.am-ի հարցին, թե արդյոք ընկերությունը վճարել է գումարի կե՞սը՝ 2 միլիոն 650 հազար դոլարը, ինչպես որ նշված է հայտարարության մեջ, «Արմավիայի» ներկայացուցիչն ասաց, որ ոչ թե ողջ պարտքի կեսը, այլ՝ առաջին ամսվա պայմանավորված գումարի մասին է խոսքը: Սակայն «Զվարթնոցը», չնայած խոստմանը, սակագինը չի իջեցրել: Մեզ հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գեւորգ Աբրահամյանը վստահեցրեց, որ օդանավակայանը ոչ մի պայմանավորվածություն չի խախտել, եւ ինչպես որ ամրագրված է համաձայնագրում, իրենք դրան հետեւում են:
Եթե նախկինում այս 2 տնտեսվարողների միջեւ բանավոր պայմանավորվածություններ էին եւ դրանք խախտելու պարագայում կողմերը չէին կարող դիմել դատարան, ապա այժմ կա հստակ փաստաթուղթ եւ կողմերից մեկի՝ պարտավորությունները չկատարելու պարագայում կարող են դիմել դատարան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև