Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Մարտ 16,2012 18:48

Երևանի ավագանին մարտի 16–ին գումարած հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի 2011թ.  բյուջեի կատարման հաշվետվությանը, համաձայն որի Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 51147914.6 հազ. դրամ, ծրագրված (ճշտված) 59724588.4 հազար դրամի նկատմամբ կամ ծրագրային ցուցանիշները կատարվել են 85.6%-ով, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի ծրագրված ցուցանիշի համեմատ փաստացի եկամուտները կատարվել են 91.7%-ով: Համաձայն հաշվետվության՝ Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները ավելի են 2010 թվականի փաստացի ցուցանիշից 2362802.2 հազար դրամով, իսկ սեփական եկամուտները 2010 թվականի համապատասխան ցուցանիշից ավել են 10.4%-ով կամ 1259825.4 հազար դրամով: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հաշվետվությունը ներկայացնելիս նաև նշել է,  որ 2011 թվականի բյուջեի պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են:

Ավագանու որոշմամբ սահմանվել է նաև քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը, որն ուղղված է Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Երևանի ավագանին որոշել է հավանություն տալ Երևանի քաղաքապետի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Լոգիկոն էքուիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված առաջարկին, պահանջի իրավունքի զիջման և բնակարանի ձեռքբերման պայմանագրի նախագծին հավանություն տալու մասին և պայմանագիր կնքելու լիազորություն տալու մասին որոշումներին: Ներկայացնելով որոշման նախագիծը՝ քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը նշել է, որ «Գապբնակշին» և «Գրադինվեստ» ՍՊ ընկերությունների կողմից 2004-2005թթ. ընթացքում գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ձեռքբերման և իրացման գործընթացի ժամանակ առաջ են եկել Հայաստանի Հանրապետության անունից ստանձնած, սակայն չկատարված պարտավորություններ և այլ խախտումներ, որոնց արդյունքում առաջացել են բազմաթիվ բողոքներ և դժգոհություններ: Խնդրի հնարավոր լուծման նպատակով Երևանի քաղաքապետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանին ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի գրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ քննարկվող դրամական միջոցների ստացման հիմք հանդիսացող պայմանագրերը կնքվել են Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկած «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից, առաջարկել է վերը նշված դատական ակտերի հիմքով Երևանի քաղաքապետարանի բյուջե գանձման ենթակա ընդհանուր գումարի պահանջի իրավունքը զիջել Հայաստանի Հանրապետությանը` վերջինիս ներկայացուցչի հետ կնքելով համապատասխան պայմանագիր: Անդրադառնալով ներկայացված հարցին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ վերոնշյալ ընկերություններից տուժել են նաև մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչներ. «Մենք Երևան համայնքի և մեր կողմից  ամեն ինչ պետք է անենք, որ մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանենք, որ մեր քաղաքացիները, ովքեր  կորցրել են  բնակարանները կամ վճարումներ են իրականացնել այդ կազմակերպություններին,  կարողանան վերականգնել իրենց իրավունքները։ Մինչև վերջ  պետք է հետևենք այս գործընթացին և փորձենք քաղաքացիների շահերը պաշտպանելով՝ իրավունքները վերականգնել»,– նշել է Տարոն Մարգարյանը:

Ավագանին` գիտության բնագավառում ունեցած ծառայությունների, համաշխարհային ճանաչում ստացած նոր գիտական ուղղությունների ստեղծման, մեխանիկայի հայկական դպրոցի հիմնադրման, Հայաստանում բարձրագույն դպրոցի և գիտության զարգացման գործում ակնառու ծառայությունների, ինչպես նաև երկրի հասարակական-քաղաքական կյանքում ունեցած դերի համար միաձայն որոշել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

Ավագանու մեկ այլ որոշմամբ «Սրտաբանություն ԳՀԻ» ՓԲ ընկերությունը անվանակոչվել է ՍՍՀՄ բժշկական ակադեմիայի իսկական անդամ, ՀՍՍՀ ակադեմիայի իսկական անդամ, գիտության վաստակավոր գործիչ Լևոն Հովհաննիսյանի անվամբ։

Երևանի ավագանու միաձայն որոշմամբ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 153 հիմնական դպրոցը անվանակոչվել է բանասեր, լեզվաբան, պատմաբան, մատենագետ, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ռաֆայել Իշխանյանի անվամբ:

Ավագանին հաստատել է նաև Երևան համայնքի սեփականություն համարվող գույքի օտարման, մի շարք փողոցների անվանակոչման մասին որոշման նախագծերը։

Նիստի ավարտին Երևանի քաղաքապետը պատասխանել է նաև ավագանու անդամների հարցերին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031