Թե ինչու ընտրությունների նախաշեմին անկուսակցական միանգամից երկու նախարար՝ Հրայր Թովմասյանն ու Վաչե Գաբրիելյանը, որոշեցին ՀՀԿ շարքերը համալրել՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բացատրեց. «Դիմել են, ընդունել ենք»: Այն տեղեկություններին, թե վարչապետն անձամբ է նախարարներին առաջարկել կուսակցական դառնալ, պարոն Սահակյանը անընդունելի համարեց. «Չեմ կարծում, որ կուսակցության անդամ առաջարկներով են դառնում: Դա անընդունելի է ինձ համար: Նրանք մեզ հետ աշխատել են, մեր թիմի քաղաքական նպատակներին մասնակից են դարձել, հիմա էլ անմիջապես են ուզում մասնակցել այն ծրագրերին, որոնք մեզ մոտ ընդունվում են: Բնականաբար արդեն ծանոթ են կուսակցությանը, ուսումնասիրել են եւ ծրագրերը, եւ կանոնադրությունը եւ գաղափարախոսությունը»:
Հարցին, թե ինչու ավելի վաղ չմտան հանրապետականի շարքերը, Գ. Սահակյանը պատասխանեց՝ եթե մեկ տարի առաջ այդ քայլն անեին, նորից նույն հարցը պետք է տային՝ ինչու հիմա :
Վերջերս Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը մեզ հետ զրույցում հաստատել էր, որ վարչապետը հանրապետական բոլոր նախարարներին հանձնարարել է ի մի բերել իրենց ոլորտներում կատարած աշխատանքը, որ առաջընթացները օգտագործեն նախընտրական քարոզարշավների ժամանակ: Պարոն Սահակյանից հետաքրքրվեցինք, կուսակցության շրջանակներում վարչապետին նման հանձնարարակա՞ն էին տվել, թե՞ վարչապետն ինքնակամ ձեռնարկեց. «Նման տեղեկատվություն չունեմ, բայց բնական է, որ վարչապետը, եւ մենք ՝ բոլորս էլ, փորձում ենք մեր կուսակիցների, համակիրների միջոցով եւ տեղեկատվությունը ավելացնել, եւ քարոզչության նպատակներով մեթոդիկաներ ստեղծել»:VOICE001
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ