Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ու «Ազատ դեմոկրատներն» էլ համագործակցության եզրեր ունեն

Մարտ 16,2012 18:07

«Ազատ դեմոկրատների» համագումարին ուղղված ողջույնի իր խոսքում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մոտավորապես նախանշեց այն խնդիրների շրջանակը, որոնց շուրջ այդ կուսակցությունը կարող է «Ազատ դեմոկրատների» հետ մոտ հեռանկարում համագործակցության եզրեր ունենալ:

Նախ Ռուստամյանն արձանագրեց, որ  «Ազատ դեմոկրատների» համագումարը տեղի է ունենում մեր երկրի համար չափազանց բախտորոշ ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուրի ակտիվությունը պարտադիր է՝ «Հայաստանը մեր երազած հուն դուրս բերելու համար»: Նաեւ  ողջունեց այս կուսակցության ակտիվ մասնակցությունը ՀՅԴ-ի ու «Ժառանգության»՝ ԱԺ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու օրենսդրական նախաձեռնության հետ կապված գործընթացներում, որը Արմեն Ռուստամյանը կարեւորագույն խնդիր համարեց իշխանություն փոխելու համար ընտրություններն իսկապես միջոց դարձնելու համատեքստում: «Այսօր ավելի քան ակնհայտ է, որ միայն մեր համախմբված ջանքերի  շնորհիվ հնարավոր է կանխել իշխանությունների վերարտադրությունը»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ անհրաժեշտ համարելով, որ քաղաքական ուժերը վեր կանգնեն իրենց նեղ, հատվածական ու կուսակցական շահերից եւ հանուն մեր ժողովրդի կարողանան համախմբվել մեր ժողովրդի համար կարեւորագույն  հարցերի շուրջ:

Նա շեշտեց, որ «Ազատ դեմոկրատներն» ու ՀՅԴ-ն համակարծիք են նաեւ Հայաստանի պետական կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության իմաստով: Խոսքը այս դեպքում վերաբերում էր Հայաստանը նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցնելուն, որը, Արմեն Ռուստամյանի մատուցմամբ, ՀՅԴ-ն նույնպես այս ընտրությունների ընթացքում լայնորեն պաշտպանելու է:

Նա նշեց, որ բավարար չէ միայն իշխանության վերարտադրությունը կանխել կամ իշխանափոխություն անել, այլ պետք է նաեւ արմատախիլ անել այն համակարգը, որը ծնում է այօր առկա միջավայրը: «Եվ այդ համակարգը արմատախիլ անելու կարեւորագույն  քայերից մեկը ես համարում եմ այն սկզբունքը, որը ձեր կուսակցությունը պաշտպանեց՝ հրաժարվել այս նախագահական համակարգից եւ անցնել  խորհրդարանականի՝ ժամանակակից մեխանիզմներ ամրագրելով քաղաքական եւ իշխանական համակարգում:

Մենք իսկապես տեսնում ենք բազմաթիվ լուրջ առաջարկներ եւ խնդիրներ, որոնք կարող ենք միասին իրականացնել, եւ ես վստահ եմ, որ համախմբված կարող ենք մեր երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից եւ իսկապես ունենալ մեր երազած Հայաստանը»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031