Առաջին անգամ քնի միջազգային օրը նշվել է 2008թ. մարտի 14-ին, այն համարվել է քնի խանգարումների կանխարգելման միջազգային օր, իսկ հիմա այն նշվում է մարտի 16-ին:
Քունը շատ կարևոր դեր ունի յուրաքանչյուր մարդու կյանքում: Այն կենսաբանական անհրաժեշտություն է։ Օրվա մեջ պետք է քնել 7-8 ժամից ոչ պակաս, քանի որ հենց քնի ժամանակ է ուղեղը հանգստանում: Բայց 20-ամյա Մանվելը քնում է նախատեսվածից էլ շատ` 12 ժամ: «Պատճառը աշխատանքս է»,- ինքն է ասում: Մանվելը տաքսու վարորդ է: Գիշերը աշխատում է` առավոտը հանգստանում: Սակայն, չափից շատ քնելու հետևանքով գլխացավ է ունենում:
Քնի խանգարումների մասնագետ Սամսոն Խաչատրյան մեզ հետ զրույցում ասում է, որ քունն օգնում է ամրապնդել օրվա մեջ ստացված տեղեկատվությունը: Խորը և բավարար քունը կնոջը երիտասարդացնում է և գեղեցկացնում. տրամադրությունը, որից սկսվում է օրը, բարձրանում է, մաշկի արյան մատակարարումը լավանում, շարժումները հանգիստ են ու ներդաշնակ:
Չափահաս մարդը, կախված նյարդային համակարգի վիճակից, կարիք է զգում 6-10 ժամվա քնի, ընդ որում՝ ծերանալու հետ դրա նկատմամբ պահանջը պակասում է։ Եթե մարդը մշտապես քունը չի առնում, սկսվում է քնկոտության և թուլության վիճակ, որը չի հաղթահարվում ոչ մի տեսակի միջոցներով։ Միայն բավարար քունը կարող է վերականգնել հավասարակշռությունը:
Այն մարդիկ, ովքեր ժամանակ են գտնում ճաշից հետո մեկ ժամ քնելու, ավելի պակաս հավանականությամբ են սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունենում:
Ցերեկային քունն օգտակար է նաև ուղեղի աշխատանքի համար: Այն ունակ է ջնջել կարճատև հիշողությունը, որն էլ հնարավորություն է տալիս ավելի շատ բան հիշել:
Արամ Արարատյան