Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 7-ն է՞լ կդառնա ոչ աշխատանքային օր

Մարտ 16,2012 17:37

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ առաջին ընթերցումով քննարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների նախաձեռնած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դատապարտելով օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն` իրենք առաջարկում են մայիսի 19-ը հայտարարել օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Կառավարության ներկայացուցիչը` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, նշեց, որ ՀՀ կառավարությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրակացություն կարող է տալ միայն որոշ հստակեցումների դեպքում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկեց հեղինակներին հետաձգել օրինագծի քննարկումը, քանի որ հարցը նուրբ է, եւ որոշ հարցեր պարզաբանելու համար բազմակողմանի քննարկման անհրաժեշտություն կա: Հանձնաժողովի անդամները եւս առաջարկեցին հարցի քննարկումը հետաձգել: Հեղինակը չհամաձայնեց հանձնաժողովի անդամների առաջարկին: Քվեարկության արդյունքում օրինագծերի փաթեթը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը առաջին ընթերցումով ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության հեղինակած «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է ապրիլի 7-ը սահմանել ոչ աշխատանքային օր` այդպիսով հնարավորություն տալով ժողովրդին մասնակցելու Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին նվիրված եկեղեցական արարողություններին:

Կառավարությունը նպատակահարմար չէր համարել օրենքի նախագծի ընդունումը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել